Երևանի կենտրոնում 20–ամյա ՌԴ քաղաքացուն կապկպել են, դանակահարել ու թալանել

Նախնական տեղեկություններով` երիտասարդին դանակահարողներն ու թալանողները նույնպես Ռուսաստանի քաղաքացիներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի– Sputnik. Երեկ երեկոյան մոտ 20 տարեկան երիտասարդ է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ ՌԴ քաղաքացին դանակահարած է եղել։

Դանակահարություն դպրոցում դասի ժամանակ. 11–րդ դասարանի աշակերտը հիվանդանոցում է

Երևանում Հնդկաստանի քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երիտասարդը դանակահարվել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այն տանը, որտեղ ապրում է։ Հիվանդանոց են գնացել մեծ թվով ոստիկաններ, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, պարզել են երիտասարդի հետ կատարվածի մանրամասները։ Նախքան դանակահարվելը տղային ինչ-որ երիտասարդներ ծեծել են, կապել, որ չկարողանա պաշտպանվել, իսկ դանակահարելուց հետո տնից գողացել են դրամապանակն ու որոշ իրեր։

Երևանում տղամարդը դանակահարել է ինքն իրեն

Մեր տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ երիտասարդի վրա հարձակվել են երկու հոգով, երկուսն էլ` ՌԴ քաղաքացիներ։

Ի դեպ, ամեն ինչ սկսվել է դեռ վաղ առավոտից. տուժած տղայի հարևանները վիճաբանության ձայներ են լսել։ Որոշ ժամանակ անց ձայները դադարել են, իսկ կեսօրին կրկին վիճաբանություն է եղել, որին հաջորդել է ծեծկռտուքը։ Երեկոյան` 18։30–ի սահմանում, տուժածի տուն են գնացել 3 հայ տղաներ ու տեսել, որ դուռը փակ է։ Նրանք ահազանգել են ոստիկանություն, և ոստիկանության ծառայողները եկել, կոտրել են դուռն ու ներսում 20–ամյա տղային կապկպած գտել։

Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժինն ահազանգ է ստացել, որ ՌԴ մի քաղաքացու իր տանը ծեծել են ու դանակով հարվածել ոտքին։ Պարզվել է, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 08.00-ին երկու երիտասարդ բնակարանում ծեծել են հիշյալ տղամարդուն, կապել ձեռքերն ու ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել են իր հաշվեհամարից 2.000 դոլար փոխանցել իրենց հաշվին։ Այնուհետև հափշտակել են նրա նոթբուքը, 2 բջջային հեռախոս և դրամապանակը, որի մեջ եղել է 150.000 դրամ, 30 լարի, ապա նրանցից մեկը դանակով հարվածել է երիտասարդի ոտքին: Ոստիկանության ծառայողները պարզել են կասկածյալների ինքնությունը։

Կատարվում է նախաքննություն: