ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. «Միսս աշխարհ Արմենիա 2019»-ի հաղթող Լիանա Ոսկերչյանը հայտնվել է «Միսս աշխարհ տաղանդ» մրցույթի լավագույն հնգյակում։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Այսօր կայացավ «Միսս աշխարհ տաղանդ» մրցույթի կիսաեզրափակիչը։ Նախնական լսումների արդյունքում ավելի քան 60 մասնակցից կիսաեզրափակիչում էին հայտնվել 20-ը, և այսօր պարզ դարձավ լավագույն 5-յակը, որը ելույթ կունենա վաղը կայանալիք բարեգործական ընթրիքի ժամանակ,որից հետո արդեն պարզ կլինի հաղթողը։ Եվ այսպես մենք 5-յակում ենք։ Քանոնով։ Միջազգային բեմում ևս մեկ անգամ հնչեց քանոն և Սայաթ–Նովա։ Անչափ հպարտ եմ և ուրախ»,– գրել է նա։
Լավագույն հնգյակում են նաև Կանադայի, Ճամայկայի, Մալթայի և Բրիտանական Վիրջինյան կղզիների ներկայացուցիչները։
Ոսկերչյանը շնորհակալություն է հայտնել Երևանի պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանին, որն ընդամենը 2 ամսում կարողացել է սովորեցնել այս բարդ ու հզոր գործիքի գաղտնիքները։
«2 ամսում ես կարողացա նվագել մի գործիք, որը լիովին անծանոթ էր ինձ համար»,– անկեղծացել է գեղեցկուհին։
«Միսս աշխարհ» մրցույթին մասնակցելը բավականին բարդ է, քանի որ այնտեղ այլ չափանիշներ են հաշվի առնում. նախապատվությունը տալիս են ոչ թե մասնակիցների մարմնի կառուցվածքին, դիմագծերին, դեֆիլեին, այլ նրանց բարեգործական ծրագրերին։
Լիան Ոսկերչյանը ծնվել է Երևանում։ Սովորում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, ապագա քաղաքագետ է։ Ավարտել է նաև երաժշտական դպրոցի կիթառի բաժինը։
Ինչպես է «Երևանի սիրուն աղջիկը» գերել ժյուրիին. Անգելինա Տանանյանն անկեղծացել է
Մեծ Բրիտանիայում անցկացվող «Միսս աշխարհ» միջազգային 69-րդ մրցույթի հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 14-ին։
Հայտնի է` ով հաղթեց «Միսս տիեզերք 2019»–ում. Հայաստանի մասնակիցը լավագույն 20–յակում չէ