Շների սպանության հերթական դեպքը Դիլիջանում. Կազանին ու ձագին կողք կողքի սատկած են գտել

Չորս տարեկան Կազանին ու վեց ամսական ձագին կրակել են հյուրատան տարածքի մոտ։ Կազանը հյուրատան այցեքարտն էր, հյուրերի սիրելին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 8–ին Դիլիջանի «Էկո կայան» հյուրանոցի երկու շներին` Կազանին ու նրա ձագին` Դրուժոկին, հյուրանոցի մոտ գտնվող անտառի տարածքում սատկած են գտել։ Կենդանիների վրա կրակոցների հետքեր են եղել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց հյուրանոցի փոխտնօրեն Սամվել Սարգսյանը։   

Ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները թափառող շների մասին. տեսանյութ

«Կազանին 3 ամսականից ենք պահել ու արդեն 4 տարեկան էր նա։ Կազանը մեր հյուրանոցի այցեքարտն էր, հյուրերի սիրելին, քանի որ շատ մարդամոտ էր։ Իսկ Դրուժոկն իր ձագն էր` 6 ամսական էր»,–պատմեց նա։

Սարգսյանի խոսքով` Կազանը մալամուտ ցեղատեսակի շուն էր, իսկ մալամուտները սովորաբար շատ հանգիստ վարք ունեն ու ագրեսիվ չեն։ Կազանը նույնպես 4 տարվա ընթացքում որևէ ագրեսիա չի դրսևորել, հյուրերը որևէ բողոք չեն ունեցել, ավելին` անգամ շներից վախեցողներն են իրենց վախը հաղթահարել նրա հետ շփվելով։

Սարգսյանը նշեց նաև, որ հյուրատան տարածքում մի շարք կենդանիներ ունեն` կովեր, ձիեր, բադեր. հյուրերը միշտ շփվել են կենդանիների հետ, իսկ Կազանն ուղեկցել է հյուրերին տարածքում։ Կազանին ու նրա ձագին կապած չէին պահել, քանի որ նրանք անվտանգ էին։

«Ես չգիտեմ` ում կարող էին խանգարել շները։ Միգուցե Կազանին շփոթել են գայլի հետ, բայց այդ դեպքում Դրուժոկին ինչո՞ւ են կրակել։ Երկուսին գտել ենք կրակած ու արդեն սատկած` կողք կողքի»,–ասաց նա։

Շներին թաղել են հենց այն հատվածում, որտեղ էլ նրանք ընկած են եղել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեպքի մասին հրապարակումների հիման վրա ոստիկանությունում  նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից հետո կենդանու նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքը ենթակա է քրեական պատասխանատվության: ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածը սահմանում է, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

Կենդանաբանական այգում կրկին շուն են բռնել. ինչպե՞ս կանխել հնարավոր վտանգները

Հիշեցնենք, որ վերջերս` դեկտեմբերի 1–ին, սոցիալական կայքերում քննարկման թեմա էր դարձել «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի նմանատիպ գործողությունը. Աղաջանյանը Դիլիջանում գտնվող, իրեն պատկանող «Գետափ» ռեստորանում այցելուների աչքի առաջ գնդակահարել էր շանը։ Իսկ քաղաքացիների ահազանգով ժամանած ոստիկաններն ասել են, թե կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, ու գնացել են։

Միջադեպը զայրացրել էր հատկապես կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի հեղինակին` պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, որը ոստիկանապետից պահանջել էր` հանձնարարել իր ենթականերին զբաղվել դեպքի քննությամբ։ Պատգամավորը, միաժամանակ, պահանջում էր ԱՊ տնօրենի հրաժարականը։

Դեկտեմբերի 9–ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունը քննվող քրեական գործով «Դիլիջան» ազգային պարկի տնօրենին մեղադրանք  առաջադրեց` ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 (խուլիգանության) հոդվածով։