Քաղաքապետարանը թույլ չի տալիս, որ «Սանիթեքը» հավաքի իրեն պատկանող աղբադույլերը

«Սանիթեք» ընկերությունը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Քաղաքապետարանը շարունակաբար թույլ չի տալիս, որ «Սանիթեք» ընկերությունը տնօրինի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ խոչընդոտելով ընկերությանը պատկանող աղբադույլերի հավաքման աշխատանքներին։ Այս մասին ասված է «Սանիթեքի» այսօր տարածած հայտարարության մեջ։

«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 13 մլն դրամով

«Այն, ինչ տեղի է ունենում  ակնհայտորեն նպատակ է հետապնդում «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու, ինչը զուգակցվում է ոչ իրավաչափ, կամայական և խտրական գործողություններով, որը հավաստվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմամբ ու վերջինիս հետագա գործունեությամբ: Ընկերության հանդեպ ոչ իրավաչափ, կամայական և խտրական ապօրինությունները շարունակվում են մինչ օրս»,–ասված է հայտարարության մեջ:

Ընկերությունը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում:

«Սանիթեքն» ընդդեմ քաղաքապետարանի. ընկերությունն իր իրավունքները կպաշտպանի դատարանում

«Թույլ տվեք տեղեկացնել նաև, որ նոյեմբերին լրացել է ընկերության կողմից նախաարբիտրաժային գործընթացի շրջանակում ՀՀ կառավարությանն հասցեագրված արբիտրաժային վեճի մասին ծանուցմանն արձագանքելու ժամկետը:  Կառավարությունը որևէ կերպ չի արձագանքել ծանուցմանը և որևէ պատասխան չի ներկայացրել այդ կապակցությամբ»,–տեղեկացնում են ընկերությունից:

«Սանիթեք Ինթերնեյշնլը» «Մոսէսքոյին» պարտք է 500.000.000 դրամ. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Սանիթեքի»` արբիտրաժային դատարան դիմելու հնարավորության մասին հարցին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ քաղաքապետարանը պատրաստ է դրան։