Խմել կոնյակ, որի «անցած ճանապարհին» լիովին տիրապետում ես, կամ մի տակառագործի պատմություն

Տակառ պատրաստելը, կոնյակը հնեցնելն ու այն խմելն արվեստ են։ Sputnik Արմենիան զրուցել է տակառագործի հետ ու բացահայտել կոնյակի տակառ պատրաստելու գաղտնիքները։
Sputnik

Կարինե Հարությունյան, Sputnik Արմենիա

Կոնյակը խմում են դանդաղ, կում–կում, վայելելով. լավ կոնյակ ստանալու համար էլ շտապել պետք չէ` այն պետք է հնեցվի։ Ավելին, կոնյակի տակառ պատրաստելն էլ մեկ օրվա գործ չէ։

41–ամյա Արման Ղարիբյանը շուրջ 20 տարի է, ինչ զբաղվում է տակառագործությամբ։ Ղարիբյանին հանդիպում ենք Երևանի կոնյակի գործարանում, որտեղ էլ աշխատում է նա։ 20 տարվա փորձառու մասնագետը մեզ դիմավորում է ու սկսում ենք շրջայց կատարել, տակառի պատրաստման պրոցեսին ծանոթանալ։

Խմել կոնյակ, որի «անցած ճանապարհին» լիովին տիրապետում ես, կամ մի տակառագործի պատմություն

Ղարիբյանին գործարանում բոլորն են ճանաչում, ու չնայած նա տակառագործության ղեկավարն է, բայց աշխատողների հետ հարաբերությունները ջերմ ու ընկերական են։ Աշխատողները մոտենում են, բարևում Ղարիբյանին, զրույցի բռնվում, բայց հետո հայացքով զննում են մեզ ու, ֆոտոխցիկը տեսնելով, նրա հետ զրույցը չեն երկարացնում։

Երկու տարի սպասում են, մեկ օրում սարքում. կոնյակի տակառների պատրաստումը` լուսանկարներով

«Տակառ պատրաստելու համար առաջին հերթին պետք է համբերատար լինել։ Հարցն այն է, որ պրոֆեսիոնալ տակառագործը մեկ օրում էլ կարող է տակառ պատրաստել, սակայն դա միայն այն դեպքում, երբ ամեն ինչ պատրաստ լինի։ Այսինքն` տակառ պատրաստելու համար նախատեսված փայտերը նախ երկու տարի պետք է չորանան»,–պատմում է Ղարիբյանն ու մեզ ուղեկցում սենյակից սենյակ։

Սենյակներում աշխատանքային եռուզեռ է, մուրճի հարվածների ու սղոցի ձայներն են իրար հաջորդում։ Աշխատակիցները, չնայած ականջակալներով են, որպեսզի գործիքների, հաստոցների բարձր ձայնը չազդի լսողության վրա, սակայն ականջակալները հաճախ են հանում ու գործիքների ձայնը խլացնում իրենց ծիծաղով։

Բոլոր սենյակներում փայտի ու վանիլինի հաճելի հոտ է տարածված, քանի որ կոնյակի համար տակառ պատրաստում են միայն կաղնու փայտից, որն էլ իր մեջ վանիլին է պարունակում։ Ղարիբյանը նշում է, որ վանիլինի համը նաև կոնյակին է փոխանցվում։

Քանի դեռ կոնյակի անվան տակ մգեցված սպիրտ է վաճառվում, խաղողի արտադրությունը չի զարգանա

«Տակառ պատրաստելը, կոնյակը հնեցնելն ու այն խմելն արվեստ են։ Ես ինքս էլ սիրում եմ կոնյակ խմել` հատկապես երեկոները, ընկերներիս հետ կամ տանը։ Բոլորովին այլ հաճույք է, երբ գիտես` խմում ես կոնյակ, որի «անցած ճանապարհին» լիովին տիրապետում ես»,–ասում է տակառագործն ու պատմում իր պատրաստած առաջին տակառի մասին։

Խմել կոնյակ, որի «անցած ճանապարհին» լիովին տիրապետում ես, կամ մի տակառագործի պատմություն

Ղարիբյանը նախ սկսել է աշխատել որպես փայտագործ, սակայն, երբ փորձի համար տակառ է պատրաստել, այն այնքան կատարյալ է եղել, որ ոգևորվել է ու սկսել տակառագործությամբ զբաղվել։ Նա արդեն չի հիշում` քանի տակառ պատրաստած կլինի, սակայն հազարավոր տակառների մեջ իր պատրաստած առաջին տակառը ճանաչում է։

-Ես կարո՞ղ եմ տակառ պատրաստել,–հարցնում եմ Ղարիբյանին։

Հայաստանը գինեգործության հեղափոխության շեմին է. Հարությունյան

Ծիծաղում է, հետո աչքի պոչով նայում` հո չնեղացա՞։ Տակառագործը բացատրում է` բացի հմտությունից, նաև մաթեմատիկական գիտելիքներ են պետք, որպեսզի տակառը պատրաստեն այն չափի, ինչ պատվիրվել է։ Կարևոր են նաև ֆիզիկական կարողությունները` աշխատակիցներն օրվա ընթացքում 2 կգ–անոց մուրճը 1500-2000 անգամ հարվածում են փայտին` հղկման համար։

Խմել կոնյակ, որի «անցած ճանապարհին» լիովին տիրապետում ես, կամ մի տակառագործի պատմություն

-Լավ, ուրեմն` հույս չկա, ինձնից տակառագործ դուրս չի գա,–համոզվում եմ ես ու նկատում վարպետի աջ ձեռքի անդամահատված ցուցամատը։

Ղարիբյանը զգում է հայացքս ու պատմում` տակառագործ աշխատելու առաջին տարիներին է այն կտրել։ Հավանաբար, խոժոռվող հայացքս տեսնելով էլ նա արագ–արագ հավելում է` կտրված հատվածն իր հետ բոլոր բացասական երևույթները տարել է։

Խմել կոնյակ, որի «անցած ճանապարհին» լիովին տիրապետում ես, կամ մի տակառագործի պատմություն

Խոսակցության թեման փոխել է պետք ու հետաքրքրվում եմ, թե կաղնու փայտը, բացի երկու տարի չորանալուց, ի՞նչ ճանապարհ է անցնում, որ տակառ դառնա։ Ղարիբյանը պատմում է, որ նախ այն մշակում են, կարկասի վրա հավաքվում, հետո ծռում, հղկում ու վերջնական տակառի տեսքը ստանում։ Տակառները, ի դեպ, նույնպես համբերատար են` երկար ժամանակ` 1-3 տարի լուռումունջ սպասում են մինչև սպիրտը հնեցվի, փայտի համուհոտը վերցնի։ Գործը Ղարիբյանին էլ է համբերատարություն «սովորեցրել», ինչի մասին փաստում եմ ինքս, քանզի մեր այցի` 3-4 ժամվա ընթացքում, չնայած շատախոսությանս, ժպիտով էր պատասխանում բոլոր հարցերին։

Խմել կոնյակ, որի «անցած ճանապարհին» լիովին տիրապետում ես, կամ մի տակառագործի պատմություն

Արման Ղարիբյանն, ի դեպ, բնակվում է Արմավիրում, բնակարանում (կնոջ ու երեք երեխաների հետ) և երազում սեփական տուն ու խաղողի այգի ունենալու մասին, որպեսզի իր իսկ ձեռքերով ոչ միայն տակառ, այլ նաև կոնյակ պատրաստի։