Ի՞նչ է արվել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում. Բաթոյանն ամփոփել է տարին. տեսանյութ

2020 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերն ուղղված են լինելու կարիքի վրա հիմնված աջակցության տրամադրմանը, սոցիալ–վերականգնողական ծառայությունների ընդլայմանը և աշխատանքի խրախուսմանը։
Sputnik

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 2019 թվականի գլխավոր ձեռքբերումներից մեկը համարում է ընթացիկ ծրագրերից բացի, խոցելի խմբերի և անապահով ընտանիքների սոցիալական աջակցությանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացումը։ Այս տարվա ընթացքում կատարված աշխատանքների և 2020 թվականին նախատեսվող ծրագրերի մասին նա պատմել է ՀՀ կառավարության` Facebook–ի պաշտոնական էջում հրապարակված հոլովակում։

Իշխանությունն իր վրա կվերցնի սոցիալական բնակարաններում ապրող թոշակառուների կոմունալները

Ամփոփելով տարին` Բաթոյանը մի շարք հաջողված ծրագրերի օրինակներ է ներկայացրել։  

«Մանկատան 300 շրջանավարտների տրամադրվեցին բնակարանների ձեռքբերման վկայականներ` 6 միլիոն 300 հազար դրամի սահմաններում։ Գյուղական համայնքներում ապրող և անչափահաս երեխաներ ունեցող 1000 ընտանիքներ ընդգրկվել են աղքատության փուլային հաղթահարման ծրագրերում»,–նշում է Բաթոյանը։

Նախարարի խոսքով` ընտանեկան նպաստ ստացող քաղաքացիներին կտրվի անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն։ Բացի որոշակի գլխաքանակը, ընտանիքները կունենան անասնակեր ձեռք բերելու, անասնաբուժական ծառայություններից անվճար օգտվելու իրավունք։ Սեփական տնտեսությունը վարելու և եկամուտներ ստանալու համար նրանց նաև խորհրդատվություն կտրամադրվի։

Կովեր, խոզեր ու հավեր` 1000 աղքատ ընտանիքի. մեկնարկեց կառավարության նոր ծրագիրը

Վերջում նախարարը նշել է, որ 2020 թվականին նախարարության ծրագրերն ուղղված են լինելու կարիքի վրա հիմնված աջակցության տրամադրմանը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայմանը և աշխատանքի խրախուսմանը։