Արմենուհի Մխոյան, Sputnik.
Դուխիկն ու Հրանտը մեկ տարվա ամուսիններ էին, բոլոր երիտասարդների նման երազում էին երջանիկ ու ամուր ընտանիք ունենալ: 1988 թվականի նոյեմբերի 15-ին ծնվեց առաջնեկը՝ Աշոտը, և երիտասարդների` ամուր ընտանիք ունենալու երազանքն ավելի ամրապնդվեց, բայց վրա հասավ դեկտեմբերի 7–ը։
Տանը երկուսով էին՝ մայրն ու որդին։ Փոքրիկն ընդամենը 22 օրական էր: Երբ գրանցվեց առաջին ցնցումը, 21–ամյա կինը բնազդաբար գրկեց որդուն ու փորձեց փախչել: Թե ինչ տեղի ունեցավ հետո, ինչպես փլվեց Անտառավան թաղամասում գտնվող իրենց 5–հարկանի շենքը, ու իրենք էլ հայտնվեցին փլատակների տակ, կինն աղոտ է հիշում:
«Մութ էր, երեխան լացում էր, ոտքերս սաստիկ ցավում էին, խեղդվում էի փոշուց: Որդիս ծածկոցով էր փաթաթված: Ծածկոցն այնպես արեցի, որ շատ փոշի չշնչի։ Ձեռքով պահեցի, որ վրան քար չընկնի: 21 տարեկան էի, չէի հասկանում` ինչ է կատարվում»,- պատմում է կինը և ավելացնում, որ մինչ այդ դեպքը կոմպոտներ շատ էր սիրում, հատկապես`դեղձի ու բալի։ Բայց փլատակների տակ, երբ աչքերը փակում էր, և խեղդող ծարավի պատճառով աչքի առաջ էին գալիս կոմպոտները, ինքն ընտանիքի անդամներից կոմպոտ էր ուզում, ու ոչ մեկը չէր տալիս։ Դրանից հետո մինչ օրս կինը կոմպոտ չի սիրում: Հենց այդպես առանց հաց ու ջրի մայրն ու որդի մնացին 4 օր:
«Ուզում էի որդուս կերակրել, բայց հետո մտածեցի՝ մեկ անգամ կերակրեմ, բա հետո՞…»,– հիշում է կինը:
Որդին անընդհատ լացում էր, ու երիտասարդ մայրը ոտքի վնասվածքի պատճառով չէր կարողանում որևէ բան անել: Ցավից երբեմն ուշագնաց էր լինում, հետո կրկին գիտակցության գալիս ու փորձում էր օրորելով հանգստացնել տղային:
Այդ ընթացքում փլատակների տակ ձայներ էին հասնում, իսկ որդին շարունակ լացում էր: Կինը բղավում ու օգնություն էր խնդրում. «Օգնե՛ք, բայց զգուշ եղեք. այստեղ երեխա կա»: Իրենց հարազատներին փնտրող ու դեռ գտնելու հույսը չկորցրած ընտանիքի անդամները այդ ամբողջ ընթացքում հերթապահում էին փլատակների մոտ:
«Օգնության էին եկել Արտաշատի Դվին գյուղից։ Թաթոս անունով երիտասարդ էր օգնողը»,– հիշում է Դուխիկի ամուսինը՝ Հրանտը:
Աշոտի լացի ձայնով գտան փլատակի տակ հայտնված հարազատներին, փոքրիկ անցքից հաջողվեց դուրս բերել որդուն, իսկ մորը հանեցին մոտ 8 ժամ անց:
Բայց աղետից փրկված ընտանիքին մեկ այլ փորձություն էր սպասում: Բոլոր հարազատներին խորհուրդ տվեցին հանկարծ չխոսել ու հարցեր չտալ կնոջը, և մորն ու որդուն տեղափոխեցին Գյումրու թիվ 1 հիվանդանոց: Այնտեղ որոշվեց բաժանել նրանց և տեղափոխել տարբեր հիվանդանոցներ: Տեղափոխելուց առաջ երիտասարդ կինը մտածեց, որ որդուն կարող են տեղափոխել ավելի անվտանգ տեղ ու իր հայրական տան հասցեն և իր հոր անուն–ազգանունը գրել տվեց՝ Սարոյան Ֆրունզ, բայց հիվանդանոցում շփոթեցին ու տղայի իրական անվան՝ Ասատրյան Աշոտի փոխարեն գրեցին Սարոյան Ֆրունզ:
Դրանից հետո կնոջ վիճակն ավելի վատացավ, նրան տեղափոխեցին Երևան, անդամահատեցին ոտքը: Այդ ընթացքում տղային թոքաբորբի պատճառով մեկ այլ հիվանդանոց տարան: Ամուսինը 10 օր շարունակ փորձեց փոքրիկին գտնել Երևանի հիվանդանոցներում: Եղավ բոլոր հիվանդանոցներում, այդ թվում նաև` Արաբկիրի մանկական հիվանդանոցում: Ոչ մի տեղ Ասատրյան Աշոտ անունով երեխա չգտավ: Հուսահատված որոշեց կրկին նայել կնոջ փաստաթղթերը և այդ ժամանակ հասկացավ, որ Դուխիկի անվան տակ նրա հարազատների հասցեն է գրված, իսկ որդու անուն–ազգանվան փոխարեն՝ աներոջ անուն–ազգանունը:
Սպիտակի երկրաշարժից 31 տարի անց. ողբերգության շուրջ որոշ միֆերի և վարկածների մասին
10 օր անց Արաբկիրի մանկական հիվանդանոցում Հրանտին հաջողվեց տեղեկանալ, որ Սարոյան Ֆրունզ անունով տղան այնտեղ է: Հիվանդանոցում բուժանձնակազմը հորը մեկ այլ փորձության ենթարկեց՝ առաջարկելով հիվանդանոց տեղափոխված երեխաների մեջ գտնել իր որդուն: Հրանտն անմիջապես՝ առանց երեխայի անվանական պիտակը տեսնելու, դիմագծերին նայելով, կանգնեց դեռ քառասուն օրականը չբոլորած որդու գլխավերևում:
Ընտանիքը շատ դժվարությունների միջով անցավ, բայց երկրաշարժից 6 տարի անց, ոտքից զրկված ու դժվարությամբ տեղաշարժվող երիտասարդ կինն իր մեջ ուժ գտավ ու լույս աշխարհ բերեց դստերը՝ Մարիամին:
Աշոտն արդեն 30 տարեկան է, սեփական ընտանիքն ունի՝ դուստր ու որդի: Մասնագիտությամբ խառատ է: Մայրն ասում է` ոսկե «բիլազուկ» ունի: «Աստված տղայիս պահեց, հիմա էլ ինքը մեզ է պահում»,- ասում է Դուխիկը:
Ասատրյանների ընտանիքի պատմությունը շատերի համար կարող է անհավանական թվալ, բայց սա իրական պատմություն է երկրաշարժից փրկված մի ընտանիքի մասին, որն Աշոտի մորական պապի անուն–ազգանունով պիտակը սրբությամբ պահում է ընտանեկան ալբոմում: