ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Վրիպակ է եղել թարգմանված տեքստը կայքում զետեղելու ժամանակ։ Այն նկատելուն պես հեռացվել է։ Ելույթը եղել է անգլերեն, ուստի օրիգինալն անգլերեն տարբերակն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն և անգլերեն տարբերակների անհամաձայնությանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդի շրջանակներում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները։ Զոհրաբ Մնացականյանը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ելույթ էր ունեցել։ ԱԳՆ կայքում երեկ հրապարակված նախարար Մնացականյանի ելույթի տեքստի անգլերեն և հայերեն տարբերակներում կային անհամաձայնություններ:
Ելույթի հայերեն տարբերակում նշված էր, որ «...հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը...»։
Ուշադիր հետևողների աչքից չէր վրիպել, որ անգլերեն տարբերակում բացակայում են այս 2 նախադասությունները։
Ինչպես կարող է Մեհրիբան Ալիևայի երազանքը կատարվել. Աննա Հակոբյանը նրան Արցախ է հրավիրել
«Ընդգծեմ, որ ԱԳ նախարարն իր ելույթներում և հանրային խոսքում մշտապես ընդգծել է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է. որպես վերջին օրինակներից մեկը ցանկանում եմ վկայակոչել ԱԳ նախարարի BBC Hard Talk-ին տված հարցազրույցը»,–ասաց Աննա Նաղդալյանը։
Փոխզիջման հնարավորություններ կան. Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության մասին
Ավելի ուշ ելույթի տեքստի հայերեն տարբերակում վերոնշյալ հատվածը ձևափոխվեց, արդյունքում հեռացվեց «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը» հատվածը: