Հոշոտված ու մի կերպ փրկված ջայլամները. ի՞նչ է տեղի ունեցել ֆերմայում

Ջայլամաբուծական ֆերմայի տնօրեն Արմենակ Ասատրյանը պատմեց իր բիզնեսի մասին և նշեց, թե որքան վնաս է կրել թռչունների վրա թափառող շների հարձակման արդյունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik, Ժաննա Պողոսյան. Հոշոտված թռչուններից մի քանի քայլ այն կողմ վազվզում և փետուրներն են մաքրում ողջ մնացած ջայլամները։ Նրանք չեն հեռանում ցանկապատի մոտից` սպասելով, որ կերն ավելացնեն։ Հոտից առանձնացել էր միայն ֆերմայի ամենամեծ ձագերից մեկը, որն արդեն 7 ամսական է։ Նա զբոսնում էր գոմի մոտ, որպեսզի վտանգի դեպքում թաքնվի այնտեղ։ Նրա վիզը պատված էր «զելյոնկայով»։

Հոշոտված ու մի կերպ փրկված ջայլամները. ի՞նչ է տեղի ունեցել ֆերմայում

«Ամենավատն այս թռչունի վիճակն է. խեղճը սթրեսի մեջ է, ամբողջ օրը հրաժարվել է կերից, հոշոտված կոկորդից հեղուկ էր հոսում։ Կոկորդն արդեն մշակել ենք «զելյոնկայով»։ Այսօր անասնաբույժ էինք կանչել, նա վիրահատեց այս էգին և յոթ ուրիշ վիրավոր ձագերի։ Նրանցից հաջողվել է փրկել միայն երեքին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է ջայլամաբուծական ֆերմայի տնօրեն Արմենակ Ասատրյանը։

Դեկտեմբերի 4–ի առավոտյան Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտակայքում գտնվող ֆերմայի աշխատակիցներն ականատես են եղել սարսափելի տեսարանի. մոտ 30 ջայլամ ընկած են եղել արյան լճի մեջ։ Դրանցից 25-ը սատկած էին, 8–ը` վիրավոր։ Պարզվել է, որ ջայլամների վրա հարձակվել է թափառող շների ոհմակը։ Շները ցանկապատի արանքից մտել են ֆերմայի տարածք։

Հոշոտված ու մի կերպ փրկված ջայլամները. ի՞նչ է տեղի ունեցել ֆերմայում

«Շների ականջները դակած էին, այսինքն` նրանք ստերջացված էին։ Ինչպես տեսնում եք, դա հարձակումներից չի փրկում կենդանիներին ու մարդկանց։ Շները սոված են, ուստի կարող են հարձակվել նույնիսկ մարդկանց վրա։ Նրանց չի կարելի կրակել, ուստի պաշտպանվելու ոչ մի հնարավորություն չկա։ Այսօր մենք ավելացրինք ֆերմայի պարսպի բարձրությունը», – պատմում է Ասատրյանը` ցույց տալով մեզ կատարված աշխատանքի արդյունքը։

Ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները թափառող շների մասին. տեսանյութ

Ընդհանուր առմամբ, ֆերմայում շինարարությունը դեռ ավարտված չէ։ Այն մեկ ամիս է, ինչ գոյություն ունի և հիմնական ֆերմայի մասնաճյուղն է, որը գտնվում է Մասիս քաղաքում։ Այնտեղ Ասատրյանը մոտ 150 ջայլամ է պահում։ Երբ ջայլամները սկսել են շատանալ, գործարարը նոր հողատարածք է ձեռք բերել և նրանց տեղափոխել է այստեղ։

«Լավ է, որ միայն ձագերին էի դեռ հասցրել տեղափոխել. 4-7 ամսական մոտ 50 ձագ կա։ Մեծ ջայլամները մնացել են Մասիսում», – հոգոց հանելով` ասում է ֆերմայի տնօրենը։

Արմենակը Ասատրյանը վերջերս է սկսել ջայլամներ բուծել։ Նա 40 տարի ապրել է ռուսական Նիժնեվարտովսկում,  բոլորովին այլ բիզնես է ունեցել։ Նրա կինը` ազգությամբ ռուս Ելենան, անցած տարի լարված հետևել է «թավշյա հեղափոխությանը»։ Հենց նա է առաջարկել ամուսնուն տեղափոխվել Հայաստան և սեփական գործ սկսել։

Հոշոտված ու մի կերպ փրկված ջայլամները. ի՞նչ է տեղի ունեցել ֆերմայում

«Հիմա նա ոչ մի դեպքում չի վերադառնա Ռուսաստան։ Մեր որդու` Լևոնի համար սկզբից բարդ էր նոր տեղում, թեև այստեղ նա ռուսական դպրոց է գնում։ Ես միշտ ուզել եմ, որ որդիս Հայաստանում մեծանա, հայ աղջկա հետ ամուսնանա։ Մենք այստեղ մեզ լավ ենք զգում», – ասում է Ասատրյանը։

Հայկական ջայլամը գլուխը չի մտցնում ավազի մեջ. ինչպես է աֆրիկյան թռչունն ապրում Հայաստանում

Նա ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։

Ջայլամաբուծությունը բավական շահութաբեր գործ է։ Շուկայում մեծ պահանջարկ են վայելում ջայլամի միսը և ձուն։ Իսկ թռչունների կաշին վաճառում են Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկային։

Հոշոտված ու մի կերպ փրկված ջայլամները. ի՞նչ է տեղի ունեցել ֆերմայում

«Ջայլամները խոխմա կենդանիներ են։ Նրանց անհնար է չսիրել։ Երբ ես տեսա հոշոտված ջայլամներին, խորը ցավ ապրեցի և մտածեցի` ինչ լավ է, որ չհասցրի անուններ տալ նրանց։ Ես ինքս ջայլամի միս չեմ ուտում։ Նրանք արդեն ընտանի կենդանու նման են, ինչպե՞ս կարող եմ ուտել նրանց», – ասում է Ասատրյանը` խաղալով ջայլամի ձագի հետ։

Ի դեպ, 30 ջայլամների կորստի հետևանքով ֆերման 4 միլիոն դրամի վնաս է կրել։ Գործարարը, իհարկե, չի ակնկալում, որ վնասը կփոխհատուցվի։