Գլխավոր դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Հատուկ քննչական ծառայության որոշումը, որը վերաբերում է Սերժ Սարգսյանին, կքննի դատախազությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Գլխավոր դատախազությունը ստացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը՝ ընդդեմ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու Հատուկ քննչական ծառայության որոշման: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին դատախազությունից:

Դեկտեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ–ն Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։ Ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձինք պետությունից հափշտակել են ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։