«Նախաձեռնությունը Հայաստանի համար չէ». Բալայանը` պատգամավորի աղմկահարույց առաջարկի մասին

Պաշտպանության փոխնախարարը կարծում է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը Հայաստանի համար չէ, քանի որ մեկ ամսում հնարավոր չէ զինվոր պատրաստել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 Դեկտեմբեր — Sputnik. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանի` զորակոչի վերաբերյալ նախաձեռնությունը համահունչ չէ հայկական իրողությանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Զինծառայողը կախված է եղել ծառից. ՊՆ–ն որոշ մանրամասներ է հայտնում

Նրա խոսքով` պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաներում միջազգաին փորձն ամեն օր է ուսումնասիրում և չի կարծում, թե պատգամավորի ասած փորձը կիրառելի է Հայաստանում։ Այստեղի պայմանները յուրահատուկ են, չի կարելի պարզապես վերցնել ու կուրորեն կրկնօրինակել արտասահմանյան փորձը։

Հայաստանը վերականգնելու է տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը. Փաշինյան

«Մեզ համար նման դիրքորոշումը սկզբունքայնորեն անընդունելի է։ Բանն այն է, որ զորակոչից հետո զինվորի համար առնվազն 5 ամիսը ուսումնական փուլ է, որից հետո միայն նա անցնում է լիարժեք զինվորական ծառայության», – ասաց Բալայանը։

Բալայանի խոսքով` անհնար է մեկ ամսվա ընթացքում լիարժեք զինվոր պատրաստել։

Նա հիշեցրեց, որ  Սահմանադրության 14–րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։

«Դա քաղաքացիների սահմանադրական  պարտքն է, ու մենք չենք կարող այն վաճառքի հանել», – ասաց նա։

Եթե կոնֆլիկտ ունենային, նույն դիրքում չէին հերթապահի. Բալայանը` սահմռկեցուցիչ դեպքի մասին

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը օրերս հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է լրացում կատարել Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում։

Ըստ նախագծի՝ մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ և ծառայել ընդամենը մեկ ամիս` արագացված ընթացակարգով:

Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտնի շարունակել  ծառայությունը զինված ուժերում, կարող է հետ ստանալ գումարը և ծառայել և 23 ամիս: