Ուզում են հա՛մ երկխոսել Մոսկվայի հետ, հա՛մ զսպել. ՆԱՏՕ–ն նոր քաղաքականություն է որդեգրել

ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ընթացքում առաջին անգամ ասվեց, որ Չինաստանը պոտենցիալ մարտահրավեր է ՆԱՏՕ–ի համար։ Ուրիշ ի՞նչ է տեղի ունեցել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում։
Sputnik

ԱՊՀ երկրների ինստիտուտի Շանհայի համագործակցության կազմակերպության եվրասիական ինտեգրման և զարգացման բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը` Sputnik–ի համար

Հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում ռազմական ծախսերի մակարդակի մասին սուր բանավեճը հարց առաջացրեց։ Դոնալդ Թրամփն ընդգծեց, որ հենց ԱՄՆ–ն է կրում ՆԱՏՕ–ն պահելու հիմնական ֆինանսական բեռը։ Այսպես` եթե նրա երկրում ռազմական ծախսերը կազմում եմ ՀՆԱ 3,4 տոկոսը, ապա Գերմանիայում և Ֆրանսիայում` 1,2 տոկոս։

«Իրականում». Չինաստանը` նոր թշնամի. ՆԱՏՕ-ն պատճառաբանում է իր գոյությունը

Դաշինքի անդամ երկրները միջնաժամկետ հեռանկարում ծրագրում են հասնել ՀՆԱ խոստացված 2 տոկոսին, բայց եվրոպական պետությունների ղեկավարությունն ընդգծել է, որ չի կարող վտանգել ներքին կայունությունը, հատկապես Մերձավոր և Միջին Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներից բնակչության շարունակվող արտագաղթի պայմաններում։ Սոցիալական պարտավորությունները չկատարելն արդեն բողոքի զանգվածային ակցիաների է հանգեցրել Ֆրանսիայում։ Եվրոպայում զուգահեռաբար բանակցություններ են ընթանում սեփական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին։

Բայց արդյունքում ծրագրվեց, որ 2020թ–ին ՆԱՏՕ երկրների պաշտպանական ընդհանուր միջոցները կաճեն 130 միլիարդ դոլարով, իսկ 2024թ–ից` 400 մլրդ դոլարով։ Այսինքն` ՆԱՏՕ–ի երկրների ընդհանուր ռազմական ծախսերը եկող տարում կկազմեն մոտ 1,4 տրիլիոն դոլար։

Եվրոպայում (հատկապես Գերմանիայում) դիմադրություն են առաջացնում ԱՄՆ–ի` միջին հեռահարության հրթիռներ տեղակայելու ծրագրերը, ինչը հնարավոր է դարձել միջին և փոքր հեռահարության հրթիռները չեզոքացնելու մասին պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո։ Գագաթնաժողովի ընթացքում Թրամփը խոստացավ խորհրդակցություններ սկսել Մոսկվայի հետ` այդ ոլորտում նոր պայմանագիր կնքելու համար։

Ռուսաստանի ռազմածովային ուժերն ուզում են «Միստրալների» հզոր հակակշիռ ստեղծել

Ընդհանուր առմամբ ՆԱՏՕ–ի ներսում ուժեղանում են Ռուսաստանի վերաբերյալ տարաձայնությունները։ Եթե արևելյան և կենտրոնական Եվրոպայի երկրները հիմնականում վախենում են Մոսկվայից և սեփական անվտանգության ապահովման նոր երաշխիքներ պահանջում (հիմնականում դա վերաբերում է Բալթյան երկրներին և Լեհաստանին), ապա մյուս պետությունները, ներառյալ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, շահագրգռված են ռազմական լարվածությունը թուլացնելու և Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ կառուցելու հարցում։

Անսպասելի էր, բայց այս դիրքորոշմանն աջակցեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ–ի ղեկավար Ստոլտենբերգը։

«Նա (Ռուսաստանը) ՆԱՏՕ–ի ամենամեծ հարևանն է և կմնա այդպիսին։ Կարևոր է երկխոսությունը համադրել Մոսկվային զսպելու հետ», – պարզաբանեց դաշինքի գլխավոր քարտուղարը։

Այս գագաթնաժողովի ընթացքում առաջին անգամ ասվեց, որ Չինաստանը պոտենցիալ մարտահրավեր է ՆԱՏՕ–ի համար։ Ստոլտենբերգը նշեց, որ ՉԺՀ–ի վերելքը թե՛ խնդիրներ, թե՛ նոր հնարավորություններ է ստեղծում։ «Չինաստանն ակտիվորեն ներդրումներ է անում ռազմական նոր հնարավորությունների ուղղությամբ և ԱՄՆ–ից հետո այսօր ծավալով երկրորդ ռազմական բյուջեն ունի։ Վերջերս այդ երկիրը նոր ռազմական հնարավորություններ է ձեռք բերել, ներառյալ միջուկային սպառազինությունների նոր տեսակները։ Մենք միասին պետք է պատասխանենք դրան», – հայտարարեց նա։

Հոբելյան` մեռած ուղեղով. արդյո՞ք Ռուսաստանը կշահի ՆԱՏՕ–ի խժդժություններից

Ուրիշ ի՞նչ կարելի է նշել։ Իհարկե, ընդհանուր առմամբ ԱՄՆ–ն պահպանում է հսկողությունը ՆԱՏՕ–ի նկատմամբ։ Հաջողությամբ զարգանում է Հյուսիսային Մակեդոնիայի` դաշինք մտնելու գործընթացը։ ՆԱՏՕ–ի երկրները հաստատեցին նաև, որ տիեզերքը դաշինքի օպերացիոն գործունեության հինգերորդ ոլորտն է ու մտադիր են զարգացնել տեխնոլոգիական ներուժը` կիբեռհարձակումներին և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։

Հզոր պատասխան ՆԱՏՕ–ին. Ռուսաստանն ավարտել է «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրների վերազինումը