«Ռուսգիդրոն» «Տաշիր» խմբին է վաճառում Սևան–Հրազդան ՀԷԿ–երի կասկադը

Ընկերությունը, որին կպատկանի Սևան–Հրազդան ՀԷԿ–երի կասկադը, կմարի կայանների վերակառուցման համար վերցված վարկերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. «Գիդրոինվեստ» ընկերությունը` «Ռուսգիդրոյի» դուստր ձեռնարկությունը, պայմանագիր է ստորագրել Հայաստանի Սևան–Հրազդանի ՀԷԿ–երի կասկադը «Տաշիր» ընկերությունների խմբին վաճառելու մասին։ Այս մասին հայտնում է ռուսական էներգետիկ ընկերությունը։

Ըստ պայմանագրի` «Տաշիր» խմբում ընդգրկված «Հրազդանի էներգետիկ ընկերություն» ԲԲԸ–ն (ՀրազՋԷԿ) «Ռուսգիդրոյից» գնում է «Միջազգային էներգետիկ կորպորացիան» (ՄԷԿ), որին էլ պատկանում է Սևան–Հրազդան ՀԷԿ–երի կասկադը։

«Ռուսգիդրոյին» է պատկանում ՄԷԿ բաժնետոմսերի 90 տոկոսը։ Ավելի վաղ «Ռուսգիդրոյի» տնօրենների խորհուրդը հավանություն էր տվել գործարքին։ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլտվություն է տվել։

«Հայը». լայնածավալ վավերագրական ֆիլմ` «Տաշիր» հիմնադրամի բարի գործերի մասին

ՄԷԿ–ի 527 հազար սովորական բաժնետոմսերի արժեքը կազմել է 172,96 միլիոն ռուբլի։ Պայմանագրի պայմաններով` գնորդը մարում է ՄԷԿ–ի վարկային պարտավորությունները ՎԶԵԲ–ի և Ասիական զարգացման բանկի դիմաց։ Դրանից հետո ընկերության բաժնետոմսերը կանցնեն գնորդին, իսկ «Ռուսգիդրոյի» վրայից կհանվեն այդ վարկերի հետ կապված երաշխավորությունները, և խմբի համընդհանուր պարտքը կնվազի մինչև 55 միլիոն դոլար։

ՄԷԿ–ը ներգրավված միջոցներն ուղղորդել է կասկադի հիդրոկայանների արդիականացմանը։ Վերակառուցման արդյունքում Երևան ՀԷԿ-1–ի հզորությունն ավելացել է 10 տոկոսով։ Միջոցառումներ են իրագործվել նաև կասկադի կայանների անխափան և անվթար աշխատանքն ապահովելու համար։

«ՄԷԿ» ՓԲԸ–ն Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող հիմնական ընկերություններից է: «ՄԷԿ» ՓԲԸ–ն ներառում է Սևան-Հրազդան կասկադի յոթ ՀԷԿ-երը, որոնք տեղակայված են Հրազդան գետի վրա: Կայաններն օգտագործում են Հրազդան գետի բնական հոսքը, ինչպես նաև ոռոգման ջրի արտահոսքը Սևանա լճից: Կասկադի բոլոր ՀԷԿ-երը գտնվում են աշխատանքային վիճակում: Տեղակայված հզորությունը 561 մՎտ է, իսկ արտադրական և տեխնոլոգիական ներուժը `500 մլն կՎտժ, ինչը կազմում է ՀՀ-ում օգտագործվող էներգիայի մոտ 10%-ը:

Սևան-Հրազդան կասկադը հիդրոէներգետիկական համակարգ է, որը կազմված է մի քանի հիդրոէլեկտրակայաններից (ՀԷԿ-եր)։ Այն ներառում է 7 ՀԷԿ, որոնք են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի ՀԷԿ-երը։ ՀԷԿ-երը տեղակայված են Հրազդան գետի վրա, օգտագործում են գետի բնական հոսքը և Սևանից հոսող ոռոգման ջուրը, որը հնարավորություն Է տալիս ոռոգել Հայաստանի գյուղատնտեսական հողերի 70 %-ը։