ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում երեկ` դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվել է այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Ընդգծվել է նաև վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը:
Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ:
«Հայ հարևանս էլ էր համեղ պատրաստում». ադրբեջանցի լրագրողների տպավորությունները` Արցախից
Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը փորձնական քայլ էր. Արցախի ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել էին սեպտեմբերի 24–ին Նյու Յորքում: