Գևորգ Լոռեցյանի ձերբակալությունը նրա թիմակիցների համար տհաճ է ու զարմանալի

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարաձել է ԿԳՄՍ փոխնախարարի ձերբակալությանը` հիշեցնելով անմեղության կանխավարկածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները վճռական են տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարին: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով

«Լինեն նախկիններ, թե ներկաներ, այսօրվա կառավարության դիրքորոշումը շատ հստակ է` որևէ ապօրինություն, անկախ դրա հեղինակից, ենթակա է օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցների»,-ասաց նա:

Աղաջանյանը չհերքեց` իրենց թիմակցի մասին տեղեկությունն անսպասելի էր ու տհաճ։

«Նոր իշխանության քաղաքական թիմի որևէ ներկայացուցչի հետ կապված նմանատիպ նորությունները և լուրերը մեզ համար տհաճ ու զարմանալի են»,- ասաց նա` միաժամանակ սակայն հիշեցնելով, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, ուստի պետք է չշտապել ու սպասել քննության արդյունքներին։

Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։ Նրա հետ բերման են ենթարկվել նաև նրա վարորդը և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը ըստ մեր տեղեկությունների` «Լոկոմոտիվ» ՖԱ-ի նախագահ Հրաչիկ Քանանյանն է։

Նա «Էլիտ Սպորտ» ընկերության տնօրենն է, որը ԿԳՄՍ-ի հետ համագործակցում է՝ տրամադրելով մարզահագուստներ: