Զինվորի սպանությունն այդ զորամասում միակը չէ. Քոչարյանը կզբաղվի դրանով

Տարիներ շարունակ այդ զորամասում տեղի ունեցած դեպքերը պատշաճ չեն քննվել։ Դատաբժշկական փորձաքննություններն աղավաղվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստվում է հանդիպել այն զորամասի հրամանատարի հետ, որտեղ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել սպանությունը։ Այսօր նա այդ մասին հայտարարեց մահացած զինվորի հարազատների հետ ԱԺ–ի մուտքի մոտ հանդիպման ավարտին։

«Պարզվում է, որ մենք այդ զորամասի հետ նաև խնդիր ունենք»,– ասաց Քոչարյանը` հավելելով, որ տարիներ շարունակ այդ զորամասում բազմաթիվ նման դեպքեր են տեղի ունեցել, որոնցից շատերով քննությունները դեռ անավարտ են։

Անդրադառնալով ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի սպանության գործին` Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես քննարկել եմ ՔԿ ղեկավարության հետ, քննարկել եմ փաստաբանի հետ։ Ես հարազատներին էլ ասացի, որ այս պահից պաշտպանության հանձնաժողովը` հանձինս ինձ, ներգրավվում ենք այս գործընթացի մեջ, որպեսզի ամեն ինչ լինի պատշաճ մակարդակի»։

Զննել են մահացած զինծառայողի բջջային հեռախոսը, կատարվել են անհետաձգելի գործողություններ

Մահացած զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց. տեսանյութ

Անդրանիկ Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննությունն իրականցվել է այն մակարդակով, որի մասին հավաստիացրել են քննչական մարմինների ղեկավարները։

Նրա խոսքով` նախկին բոլոր դեպքերն աղավաղվել են փորձաքննության մակարդակի վրա։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը, սակայն, վստահեցրեց, որ այսօր մենք ունենք պատշաճ փորձաքննություն, կասկած չունենաք, որ ունենալու ենք նաև պատշաճ քննություն»,– ասաց պատգամավորը։

ԱԺ–ի մոտ կազմակերպված բողոքի ակցիան ավարտվեց. զինվորի հարազատները հավատացին Քոչարյանին

Քոչարյանը նաև հայտարարեց, որ դեպքը նախաքննական մարմինը որակել է որպես սպանություն, ու այդ հոդվածով էլ հարուցվել է քրեական գործը։ Իսկ ինքնասպանության վարկածը հրապարակ է բերվել մամուլում տեղ գտած ինչ–որ հրապարակման արդյունքում։

«Այդպիսի հրապարակումները շատ վտանգավոր  են, ոչ միայն վտանգավոր են, այլև անմարդկային։ Հարազատների հոգեկան աշխարհն արդեն խառնվել է։ Մի դժբախտություն ունեին, տասն էլ ավելացրինք, երբ որ իրականում այդպիսի բան չկար»,–ասաց նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է։

Ինձ ցուցում են տվել` ծնողներին դեպքի մասին հայտնել. զինկոմի պաշտոնակատարն ԱԺ–ի մոտ է. 

Աջամյանի հարազատները պնդում են իրենց որդուն որպես ինքնասպան եղած չպիտակավորել։

Նրանք հայտարարում են, որ եթե կա երկրորդ վիրավոր, ինքնասպանություն լինել չի կարող։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2–ի դեպքի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Սպանություն)։