Սկանդինավիայից եկող «ցուրտ ճակատն» ու Սուրենյանին ուշադիր լսող թութակը. տեսանյութ

Հայաստանը կգտնվի Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։  
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 5-ին Հայաստանը կգտնվի Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։  Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը, հավելելով, որ պրոցեսը սկզբում բավականին ուժեղ էր,  հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն Հայաստան գալու ճանապարհին աստիճանաբար քայքայվել է։

«Առաջիկա գիշերվանից սկսած և վաղը ցերեկվա ընթացքում շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ։ Բացառություն կկազմեն Գեղարքունիքը, Սյունիքը և Արցախը, որտեղ կանխատեսվում է առատ ձյուն, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց։ Դեկտեմբերի 6-ից տեղումները կդադարեն և մինչև դեկտեմբերի 10-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»,–գրել է Սուրենյանը։

Նշենք, որ այս գրառման հետ գրեթե միաժամանակ, Սուրենյանն իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է թութակը հետևում նրա կանխատեսումներին։ 

Սուրենյանի ձանձրույթը ցրվե՞լ է. օդի ջերմաստիճանը կտրուկ կփոխվի

«Մի աղջիկ է ուղարկել, ասում է` ամեն օր ուշադիր Ձեզ է նայում»,– տեսանյութին կից գրել է Սուրենյանը։

Էջի հետևորդներին  զվարճացրել է տեսանյութը։ «Տանից թռնելու համար հարմար եղանակի է սպասում», «սա եղանակի տեսություն էլ կհաղորդի», «խոսել չգիտի, բայց ուշադիր լսում է»,–գրել են նրանք։

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետը շատ ակտիվ է սոցցանցային տիրույթում, և նրա ցանկացած գրառում մեծ արձագանք է ստանում օգտատերերի կողմից։