ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, 2019թ. դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև նրա վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարն է:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով գումարի կաշառք:
Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:
Դատարանը Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:
Հիշեցնենք, որ Գևորգ Լոռեցյանը 2018թ. հոկտեմբերի 30-ին նշանակվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, իսկ նախարարությունների միավորումից հետո` 2019թ. հունիսի 4-ին, նշանակվել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։