ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. 56 տարեկանում կյանքից հեռացել է երգիչ, երաժիշտ, «Արևիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Գևորգյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ իր կյանքի վերջին օրերին գտնվում էր երաժիշտը։
Մահվան պատճառների մասին չի նշվում։
Ստեղծման օրից մինչև 1994թ-ը Գևորգյանն աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում։ 1994 թվականից հետո նա մեկնել է Մոսկվա, որտեղ դասավանդել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ` Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 2004թ. վերադարձել է Երևան և մինչև 2011թ. դասավանդել է Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում: 2009-11թթ. եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Վերջին տարիներին նաև դասավանդում էր Երևանի մշակույթի պետական քոլեջում: