Ինձ ցուցում են տվել` ծնողներին դեպքի մասին հայտնել. զինկոմի պաշտոնակատարն ԱԺ–ի մոտ է

Մահացած զինվորի հարազատների հետ հանդիպման են եկել ՀՀ և Արցախի բարձրաստիճան զինվորականները։ Նրանք առանձնազրույցի են հրավիրել որդեկորույս ծնողներին` խոստանալով բացահայտել ճշմարտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ զինկոմի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանն ու Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը մահացած զինծառայող Արթուրի Աջամյանի հարազատներին սպասել են դիահերձարանում, որպեսզի նրանց հետ միասին գնան հոգեհանգստի արարողությանը։ Սակայն տեղեկանալով, որ հարազատները ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա են իրականացնում, եկել են նրանց հետ հանդիպելու։

Եթե կոնֆլիկտ ունենային, նույն դիրքում չէին հերթապահի. Բալայանը` սահմռկեցուցիչ դեպքի մասին

Այս մասին ԱԺ–ի մուտքի մոտ ակցիան լուսաբանող լրագրողներին ասաց ՀՀ զինկոմի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը։

«Ինձ ցուցում են տվել, որպեսզի ծնողներին հայտնեմ դեպքի մասին։ Զինկոմիսարիտից զանգահարել ենք հարազատներին։ Այցելել ենք, խոսել պապիկի հետ։ Նաև մայրն է եկել զինկոմիսարիատ»,– ասաց Ավթանդիլյանը` արձագանքելով հարազատների բողոքին, թե իրենց նույնիսկ պատշաճ մեկնաբանություն չեն տվել կատարվածի մասին։

Հարազատների հայտարարություններին, թե զինվորի դիակի վրա բռնության հետքեր կան, Ավթանդիլյանը պատասխանեց, որ այդ հարցերի հասցեատերը քննչական մարմիններն են, բայց վստահեցրեց, որ անպատասխան հարցեր չեն մնալու, մեղավորներն էլ պատժվելու են։

Ինձ ցուցում են տվել` ծնողներին դեպքի մասին հայտնել. զինկոմի պաշտոնակատարն ԱԺ–ի մոտ է

Sputnik Արմենիայի հետ զրույցում մահացած զինծառայողի հորեղբոր տղան աասաց, որ Արթուրը գրանցված չէր, և ինքնակամ ներկայացել է զինկոմիսարիատ և ծառայության անցնելու դիմում է գրել։

Դեպքի հետևանքով տուժած երկրորդ զինվորի` Դավիթ Մելիքբեկյանի մասին զինկոմի պաշտոնակատարը հայտնեց, որ նա այս պահին զինվորական հոսպիտալում է, կոմայի մեջ։

Մինչ Ավթանդիլյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, նրա հետ ԱԺ եկած Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը զինվորի ծնողների հետ առանձնացավ ԱԺ–ի բակում` նրանց հետ զրուցելու։

Զինվորը հենակետում պետք է զգա կառավարության, ժողովրդի, hայրենիքի ներկայությունը. Փաշինյան

«Հիմա ծնողների հետ, հարազատների հետ բոլոր հարցերը կքննարկենք։ Հետո ձեր բոլոր հարցերի պատասխաններն ունենալուց հետո ձեզ կհայտարարենք` ինչ է որոշվել»,– խոստացավ նա։

Բողոքի ակցիայի մասնակից հարազատները` ԱԺ–ի Բաղրամյան պողոտային հարող մուտքի մոտ, սպասում են բարձրաստիճան զինվորականների պատասխանին։

Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է։

Արթուր Աջամյանի հարազատները պնդում են, որ իրենց որդուն որպես ինքնասպան եղած չպիտակավորեն։ Նրանց խոսքով` եթե կա երկրորդ վիրավոր, ինքնասպանություն լինել չի կարող։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2–ի դեպքի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության հատկանիշներով)։