2018 թ-ին Հայաստանում տեղի ունեցած գործընթացները չէին կարող ազդեցություն չթողնել Ադրբեջանի վրա և այդ առումով նույնիսկ կատալիզատորի դերակատարություն ունեցան: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Ադրբեջանցիները շատ ակտիվ հետևում էին Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, և այդ ֆոնին Ադրբեջանում որոշ գործընթացներ սկսեցին հստակ արագանալ, մասնավորապես սրվեց ռեսուրսների ու ազդեցության համար վաղուց սկսված ներկլանային պայքարը: Այդ գործոնն այնտեղ այսօր էլ ներքին քաղաքականության մեջ մեծ դերակատարում ունի»,- նշեց նա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի տեղեկացմամբ՝ սուր պայքար է գնում մասնավորապես Փաշաևների ու նախիջևանյան կլանի միջև: Վերջինիս ներկայացուցիչները Հեյդար Ալիևին սատարողներն են, որոնք նրան 1993թ.-ին օգնեցին գալ իշխանության, իսկ հետագայում նաև նպաստեցին, որպեսզի Իլհամ Ալիևը հաջորդի հորը: Փաշաևների կլանը ներկայացնում են Մեհրիբան Ալիևայի ընտանիքի անդամներն ու մերձավորները, որոնք համեմատաբար նոր են քաղաքական ասպարեզում: Նրանց սատարում են արևմտյան կրթությամբ և օտար լեզուների իմացությամբ երիտասարդ կադրերը: Երբ Ալիևի կինը 2017 թ.-ին ստանձնեց երկրի փոխնախագահի պաշտոնը, սկսեց այդ երիտասարդներին ներգրավել նախագահի և փոխնախագահի ադմինիստրացիաներում, որտեղ նրանք փոխարինեցին հեռացող նախիջևանյան կլանի ներկայացուցիչներին:
Ադրբեջանի խորհրդարանն ինքնալուծարվում է
Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ ադրբեջանցիներն իրենց խորհրդարանը ցրեցին առանց որևէ իրավական հիմքի: Թեև հայտարարվեց, որ արդի խորհրդարանը չի համապատասխանում Ալիևի հռչակած բարեփոխումների կուրսին և իրենք ստեղծելու են երիտասարդ ու հայրենասեր խորհրդարան, այդուհանդերձ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե մարդիկ են ընտրելու, այլ հենց իրենք են ստեղծելու նոր օրենսդիր մարմին: