Հովհաննես Ազնաուրյանը, մասնավորապես, խոսել է իր հեղինակած «Երեք եկեղեցիներ» վեպի մասին՝ հընթացս անդրադառնալով Հայաստանում ռուսերեն լեզվով ստեղծագործող գրողների աշխատանքային առանձնահատկություններին:
Գիրքը նախ լույս է տեսել Մոսկվայում հրապարակվող հանրահայտ «Ժողովուրդների բարեկամություն» (“Дружба народов”) ամսագրում: Գրքի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև ՌԴ մայրաքաղաքում գործող «Էկսմո» (“ЭКСМО”) հրատարակչությունը՝ տպագրելով հայ արձակագրի վեպը:
«Իմ գործով օգնում եմ ռուսալեզու լսարանին անմիջականորեն ճանաչել Հայաստանը։ Բայցևայնպես շատ լավ կլիներ, եթե մեր հրատարակչություններում վերականգնվեր թարգմանիչների ինստիտուտը: Այժմ որոշ հեղինակներ ստիպված են թարգմանիչներ գտնել, իսկ դա կապված է մեծ ծախսերի հետ, մինչդեռ Ռուսաստանում 1991թ.-ից հետո շատ դժվար են պատկերացնում, թե ինչ կա մեզ մոտ»,- նշում է Հովհաննես Ազնաուրյանը:
Հատկանշական է այն հանգամանքը, որ մեր հայրենակիցը դարձել է վերջին շրջանի միակ հայ արձակագիրը, որի ստեղծագործությունը հրատարակվեց նշված ամսագրում և որի ստեղծագործությունը լույս տեսավ վերոհիշյալ հրատարակչության կողմից:
Արձակագիրը հաղորդման ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանում ռուսերենով ստեղծագործելու յուրահատկություններին, ընթերցողների ակնկալիքներին, գրողի և ժամանակի համադրության խնդրին: Նա պատրաստվում է իր հեղինակած ստեղծագործություններից որևէ մեկը ներկայացնել մրցանակի՝ մասնակցելով «Անտոնովկա 40+» մրցանակաբաշխությանը: