Դժբախտ դեպք Իջևանում. երիտասարդը գնացել է ծառ կտրելու ու մահացել

Իրավապահները պարզում են տղայի մահվան կոնկրետ հանգամանքները։ Գյուղապետը որոշ մանրամասներ է հայտնել Sputnik Արմենիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Իջևանի անտառտնտեսության Գանձաքարի մասնաճյուղի տարածքից Իջևանի հիվանդանոց է տեղափոխվել 28-ամյա երիտասարդի դի։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մահացած երիտասարդը Գանձաքար գյուղից էր և անտառ էր գնացել ծառ կտրելու։

Այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նաև Գանձաքարի գյուղապետ Վարդգես Դովլաթբեկյանը։

«Գնացել էր, որ իրենց տան համար վառելափայտ բերեր ձմեռվա համար։ Կտրված ծառն ընկել է գլխին»,– ասաց գյուղապետը։

Երիտասարդն անտառում մենակ չի եղել։ Ըստ գյուղապետի` տղան հարևաններից երկուսին խնդրել է, որ գնան, իրեն օգնեն։ Հենց նրանց աչքի առաջ էլ տեղի է ունեցել դեպքը։

Դովլաթբեկյանը հայտնեց, որ երիտասարդը ամուսնացած չէր։

Իջևանի հիվանդանոցից դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Սարսափելի վթար Նորագավիթի սկզբնամասում. երիտասարդ վարորդը տեղում մահացել է