ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել և խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:
«Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ»,– նշված է հայտարարությունում:
Նման միջադեպերը, ԱԳՆ–ի դիտարկմամբ, լրջորեն վնասում են խաղաղ գործընթացն ու հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
«Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին»,– հիշեցնում է ԱԳՆ–ն:
Արտաքին գործերի գերատեսչությունը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով:
ԱԳՆ–ն արագ ապաքինում է մաղթում վիրավոր զինծառայողին:
Հիշեցնենք` երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 22-ամյա Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացությունը, և Եվրոպայում այդ մասին չգիտեն. Փաշինյան
Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ադրբեջանի դիրքորոշումը վտանգավոր է նաև ՀԱՊԿ երկրների համար. Փաշինյանը խոսեց ԼՂ խնդրից