Ծիրանը կշատանա, գյուղացին լավ կապրի. Հայաստանում նոր տեխնոլոգիա են փորձարկում

Ինտենսիվ այգեգործությունն առաջին անգամ փորձարկում են տեղական շալախ տեսակի վրա։ Երկու տարի անց մեկ հեկտարից նախատեսում են առնվազն կրկնակի ավել բերք ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik.Հայաստանում ծիրանի աճեցման նոր, ինտենսիվ եղանակ  են փորձարկում։ Այդպիսի այգու մեկ հեկտարից կարելի կլինի կրկնակի ավել ծիրան ստանալ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

Ծիրան, լավաշ, գորգ և գիտելիք. ինչո՞ւ են հնդիկները գալիս Հայաստան

Նա նշեց, որ Արմավիրի մարզի Շենիկ գյուղում ընկերությունն արդեն մի քանի փորձնական այգիներ է տնկել։

Ամբողջ աշխարհում վաղուց են ինտենսիվ այգիներ մշակվում։ Դրանց համար ծառերի այնպիսի գաճաճ տեսակներ են օգտագործում, որոնց աճի էներգիան, պարզ լեզվով ասած,  ոչ թե ճյուղերին է գնում, այլ պտուղներին, իսկ փոքր չափերի պատճառով դրանք ավելի հեշտ է խնամել։

3-4 տարի առաջ նման այգիներ սկսեցին հիմնել նաև Հայաստանում, սակայն օգտագործում էին արտասահմանյան տեսակների տնկիներ. տեղականների համար գաճաճ տարբերակներ դեռ չկան։ Այժմ նոր ձևով առաջին անգամ ուզում են փորձարկել ծիրանի հայտնի տեղական շալախ տեսակը («Երևանի»)։

Ծիրանի այս տարվա բերքը շատ է. հիմա ի՞նչն է մտահոգում գյուղացիներին. տեսանյութ

Բարդություն է ներկայացնում այն, որ ծիրանի կովկասյան  տեսակների մոտ արմատներն ու ճյուղերը մի քանի մետր շառավղով են տարածվում, այդ իսկ պատճառով մեկ հեկտարի կտրվածքով դրանք այդքան էլ շատ չեն (120-130 ծառ)։ Նոր այգիների համար հայ մասնագետները կուլտիվացիայի մեթոդ են մշակել, որն արմատներին և ճյուղերին թույլ չի տալիս շատ աճել։  Այսպես մեկ հեկտարի վրա հնարավոր կլինի 800-1600 ծառ աճեցնել։ Հետևաբար, մեկ հեկտարից առնվազն կրկնակի ավել բերք կստացվի։

Հայաստանը շարունակում է Ռուսաստանը քաղցրացնել ծիրանով. արտահանումն աճել է ավելի քան 80%–ով

«Մի քանի փորձնական հողատարածքների վրա մենք տարբեր խտությամբ ծառեր տնկեցինք։ Տեսնենք, թե դրանցից որ մեկը կարդարացնի իրեն»,–ավելացրեց Բաղդասարյանը։

Բացի այդ, բերքն էլ շուտ կհասնի. սովորական ծիրանենիները նորմալ բերք են տալիս 5-6–րդ տարուց, գաճաճները` 3-4 տարուց։  Ծառերը գարնանն են տնկվել, և առաջին բերքն այստեղ սպասում են արդեն երկու տարի հետո։

Ծառերի ոչ մեծ լինելը ևս մեկ առավելություն է տալիս. դրանցից ավելի շատ են նորմալ (այսինքն խոշոր և գեղեցիկ) միրգ ստանում։ Սովորական այգիներում այդպիսին է լինում ծիրանի 30-50%–ը, ինտենսիվներում շուրջ 90% կլինի։

«Սովորական ծառերի վրա, մեծ սաղարթամասի պատճառով, արևը չի հասցնում լուսավորել բոլոր մրգերը։ Այդ է պատճառը, որ բերքն այստեղ հավաքում են 2-3 անգամ. սկզբում վերևի ճյուղերից, այնուհետև` ներքևի։ Իսկ այս դեպքում փոքր ծառ է, արևի ճառագայթները հասնում են բոլոր կետերը, այդ իսկ պատճառով պտուղներն էլ խոշոր կստացվեն»,–պարզաբանեց Բաղդասարյանը։

Նա հավելեց, որ այդ ամենը հայ ֆերմերներին կօգնի դուրս գալ նախկին տխուր շրջանից։ Թվում է, թե նրանք լավ եկամուտ պետք է ունենային. մեկ կիլոգրամ ծիրանի դիմաց նրանք կրկնակի ավել են ստանում, քան Թուրքիայում, Ուզբեկստանում և նույնիսկ Եվրոպայում։ Բայց, նախ, Հայաստանում ավելի քիչ հող կա։ Իսկ ամենակարևորը` մեկ միավոր հողատարածքից այստեղ ավելի քիչ բերք են ստանում։

Վաղաժամ ուրախանալ պետք չէ. երբ ծաղկում է ծիրանենին, բնության զարթո՞նք է, թե՞ հավելյալ հոգս

«Տեսեք` 10-12 տարի առաջ արտահանվող ծիրանն արժեր 100-150 դրամ։  Այսօր միջինը 350 դրամ է։ Դա 73 ցենտ է։ Թուրքիայում 50–ից բարձր գին չկա, Իտալիայում առնվազն 50-55 եվրոպական ցենտ է, իսկ Ուզբեկստանում ընդհանրապես 30-33 ցենտը հաջող գին է համարվում։ Մեզ մոտ 73 է, բայց մեր գյուղացիները բողոքում են, որ չեն սկսել ավելի լավ ապրել, և դա մեծ հաշվով ճշմարտություն է։ Այդ է պատճառը, որ մենք ուզում ենք, որ ամբողջ երկրով տարածվեն ինտենսիվ այգիները, որտեղ նույն մակերեսից գյուղացին ավելի շատ բերք կհավաքի և ավելի շատ եկամուտ կունենա»,–պարզաբանեց Բաղդասարյանը։

Նա նշեց նաև, որ երբ ընկերությունն այս տեխնոլոգիան իր մոտ փորձարկի, կծանոթացնի նրա հետ բոլոր ցանկացողներին։

Նշենք, որ թարմ միրգն ու բանջարեղենը Հայաստանի համար արտահանման գլխավոր հոդվածներից մեկն է, տարեկան 50-60 մլն դոլարի արտահանում է իրականացվում։ Սպառման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։