Մահացել է սամբիստ Կոլյա Կարապետյանը. նա ընդամենը 30 տարեկան էր

2017թ.–ին Եվրոպայի առաջնությունում Կոլյա Կարապետյանը բրոնզե մեդալ էր նվաճել, սակայն ծանր վնասվածք էր ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Մահացել է Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած սամբիստ Կոլյա Կարապետյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

 

«2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած, սակայն Հայաստանի համար մաքառումների գնով բրոնզե մեդալ նվաճած Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս պայքարելով կյանքի համար, գիտակցության չգալով 2019թ. նոյեմբերի 29-ին հրաժեշտ տվեց երկրային կյանքին։ Կոլյան ընդամենը 30 տարեկան էր»,–ասված է տարածած հայտարարության մեջ։

Խորեն Հովհաննիսյանն առաջին օգնություն է ցուցաբերել ուշաթափված պատանի ֆուտբոլիստին

Ցավակցելով Կոլյայի ընտանիքին, հարազատներին, ընկերներին` ֆեդերացիան տեղեկացնում է, որ մարզիկի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին ժամը 18-ից «Էրեբունի» սգո սրահում, հուղարկավորությունը դեկտեմբերի 1-ին, ժամը 13-ին, նույն վայրից:

Նշենք, որ 2017 թվականի մայիսի 18-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Սամբոյի Եվրոպայի առաջնությունից հետո մարտական սամբոյի 62 կգ քաշային Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը հյուրանոցում կտրուկ վատացել էր, և բժիշկներն արյան զեղում էին արձանագրել գլխի շրջանում: Այդ առաջնությունում Կոլյա Կարապետյանը (62 կգ) զբաղեցրել էր երրորդ տեղը։

2018 թվականի հոկտեմբերին տեղեկություն տարածվեց, որ Կարապետյանը գիտակից վիճակում է, բայց չի կարողանում շարժվել և խոսել: