Հրազդանում 66–ամյա տղամարդու սպանության կասկածանքով 18 և 19 տարեկան տղաներ են ձերբակալվել

66–ամյա տղամարդն առավոտյան տնից դուրս էր եկել աշխատանքի գնալու, իսկ րոպեներ անց վերադարձել բնակարան, բայց արդեն դանակահարված վիճակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հրազդան քաղաքում նոյեմբերի 26–ին 66-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել են 2000 և 2001թթ ծնված 2 երիտասարդ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Սպանություն Հրազդանում. տղամարդը տնից դուրս է եկել ու դանակահարվել

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հարձակում է գործել նույն շենքի բնակիչ, 1953թ. ծնված Լևոն Չուլջյանի վրա և որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին. ստացած մարմնական վնասվածքներից 66-ամյա տղամարդը մահացել էր»,–գրում է կոմիտեի կայքը:

Դանակահարված տղամարդը մահացել է` առանց իր հետ պատահածի մասին ինչ–որ բան ասելու

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ կետով: Որոշում էր կայացվել քրեական գործի նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ գործի նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։