ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Եթե այսօր էլ Հայկ Մարությանին հարցնեն, թե արդյո՞ք գործարար Սամվել Ալեքսանյանը Երևան քաղաքին նվիրել է մեքենաներ, այսօր էլ Հայկ Մարությանը կպատասխանի` ոչ։ Անդրադառնալով աղմուկ հանած մեքենաների թեմային` facebook-յան ուղիղ եթերում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
««Ալեքս ընդ հոլդինգի» հիմնադիրը Հրաչյա Շառոյանն է, իսկ տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը։ Ես պաշտոնատար անձ եմ, և քաղաքապետը չի կարող ինչ-որ ասեկոսեների հիման վրա հայտարարություն անել, և ես չեմ կարող «Ալեքս ընդ հոլդինգը» ասոցացնել Սամվել Ալեքսանյանի հետ»,–ասաց Մարությանը։
Նրա խոսքով` ենթադրելով այս ասեկոսեների մասին, քաղաքապետը հարց տված լրագրողին ասել է, որ եթե Սամվել Ալեքսանյանը Երևան քաղաքին մեքենաներ կամ որևէ գույք նվիրի, քաղաքապետարանը հաճույքով կընդունի այն։
Անդրադառնալով պրոցեսի գաղտնիության քննադատությանը` Մարությանը նշեց, թե ի՞նչ գաղտնիության մասին կարող է խոսք լինել, երբ ամեն օր` օրը ցերեկով, նաև գիշերով այդ աղբատար մեքենաները Երևանում հավաքում են աղբը։
Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ պախարակելի բան չկա. Հայկ Մարությանի մամուլի խոսնակ
«Պրոցեսն այսպիսին է` ընկերությունը կամ անձը քաղաքապետարանում գրում են, որ ուզում են քաղաքին ինչ–որ նվեր տալ, քաղաքապետարանն ընդունում է այդ դիմումը։ Այնուհետև այդ մարդը կամ ընկերությունը բերում է գույքը, կնքվում է պայմանագիր Երևանի քաղաքապետարանի և նվիրատուի միջև, գրանցվում է համապատասխան վայրում (ասենք` ՃՈ–ում, եթե մեքենա է), դրվում է քաղաքապետարանի համարանիշ, և մեքենան դառնում է քաղաքի սեփականությունը։ Կարծում եմ` սրանից ավելի թափանցիկ պրոցես դժվար է պատկերացնել»,–ասաց Մարությանը` նշելով, որ հարցին ի պատասխան` հաջորդ օրը հրապարակվել է ամբողջ ցուցակը` և՛ մեքենաների, և՛ ընկերությունների ու անձանց, որոնք նվեր են տվել այդ մեքենաները։
Հիշեցնենք` «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործող իշխանությունը խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին այլևս չի ընդունում որպես նախկին «հանրապետական գործարարի», ուստի ավելի քան հստակ է, որ հենց Ալեքսանյանն է քաղաքին նվիրաբերել երկու տասնյակ «ԿԱՄԱԶ»-ները: Դրան հաջորդել էր քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հերքումը` քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։
«Սանիթեքն» ընդդեմ քաղաքապետարանի. ընկերությունն իր իրավունքները կպաշտպանի դատարանում
Ավելի ուշ Հակոբ Կարապետյանը հրապարակել է քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի` «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿամԱԶ» է նվիրել քաղաքապետարանին։ Բացի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ից, քաղաքապետարանին նվիրաբերություններ են կատարել Սարգիս Խուրշուդյանը և Հայրապետ Հովհաննիսյանը` նվիրելով 3 հատ ֆուրգոն, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ–ն` 14 «ԿամԱԶ» , ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը` 1 «ԿամԱԶ», «Էյչ բի Էմ գրուպը»` 1 «ԿամԱԶ»։