ՌԱԴԻՈ

Դենեբ Կարենց. «Հպարտ եմ, որ Անտարկտիդայում իմ անունով լիճ կա»

Դուք երբևէ եղե՞լ եք Անտարկտիդայում: Միանգամայն անկատակ հարց է. առնվազն մի հայ արդեն 30 տարի է, ինչ աշխատում է այնտեղ՝ հեռավոր Անտարկտիդայի սառցադաշտերում: Ի դեպ, Անտարկտիդայում կա 7 եկեղեցի և 2 բանկոմատ: Մի ժամանակ Անտարկտիդայում նույնիսկ ատոմակայան կար։
Sputnik

Եկեք անկեղծ լինենք: Երբեմն մարդ այնքան է հոգնում քաղաքականությունից, տարբեր գործիչների դատարկախոսությունից, նույնիսկ աղբահանության հետ կապված կոռուպցիոն սկանդալներից և անհագ ցանկություն է առաջանում թողնել ու գնալ շատ հեռավոր մի վայր, որտեղ չկան ասուլիսներ և ռեալիթի շոուներ, անիմաստ բանավեճեր ու քարոզարշավներ, վերջապես այնտեղ, որտեղ առջևում ոչ թե ձմեռն է, այլ ամառը: Կա այդպիսի տեղ: Դա Անտարկտիկան է:

Դենեբ Կարենց. «Հպարտ եմ, որ Անտարկտիդայում իմ անունով լիճ կա»
Դուք երբևէ եղե՞լ եք Անտարկտիդայում: Միանգամայն լուրջ եմ հարցնում, որովհետև, խոստովանեմ, ինձ միշտ էլ հետաքրքրել է մի հարց՝ կա՞ն արդյոք Հայաստանում մարդիկ, որոնք եղել են այդ մայրցամաքում: Սոցիալական ցանցերում օգտատերերը ինչ լուսանկար ասես որ չեն տեղադրում՝ «իմ սելֆին Արարատի գագաթին», «իմ սելֆին խաղաղօվկիանոսյան ինչ-որ էկզոտիկ կղզում»... բայց երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկը գրի՝ «ահա, սա ես եմ՝ Անտարկտիդայում»:

Այնինչ փաստն այն է, որ առնվազն մի հայ արդեն 30 տարի է, ինչ աշխատում է այնտեղ՝ հեռավոր Անտարկտիդայի սառցադաշտերում:

Բայց նախ մի քանի փաստ Անտարկտիդայի մասին։ Այդ տարածքը ոչմեկինն է: Ճիշտ է, ժամանակին որոշ պետություններ իրենց հավակնությունները ներկայացրել են: Արգենտինան մոտ 40 տարի առաջ նույնիսկ այսպիսի բան է արել՝ արշավախմբի կազմում ընդգրկել է մի կնոջ, որն ուր որ է պետք է ծննդաբերեր: Մտահղացումը սա էր՝ եթե այնտեղ ծնվում է Արգենտինայի քաղաքացին և դա ընդհանրապես պատմության մեջ առաջին երեխան է, որը լույս աշխարհ է գալիս ոչ մեկին չպատկանող տարածքում, ուրեմն գոնե այն հատվածը, որտեղ երեխան ծնվել է, Արգենտինայինն է:

Երեխան միանգամայն նորմալ ծնվեց, բայց Արգենտինան, բնականաբար, Անտարկտիդայից մասնաբաժին չստացավ, որովհետև արդեն գործում էին միջազգային պայմանագրերը, ըստ որոնց՝ որևէ պետություն իրավունք չունի հայտարարել, թե այդ մայրցամաքի մի մասն իրենն է: 

 

Անտարկտիդայում կա 7 եկեղեցի: 7 եկեղեցի և երկու բանկոմատ: Մի ժամանակ Անտարկտիդայում նույնիսկ ատոմակայան կար։

 

Այո, այո, 10 տարի շարունակ 62-ից մինչև 72 թվականները Անտարկտիդայում ամերիկյան ատոմակայան է գործել: Սկզբում թվում էր, թե շատ շահեկան է՝ էժան էլեկտրաէներգիա է արտադրում ու նաև շրջակա միջավայրը չի աղտոտում, բայց հետո պարզվեց, որ այդ ատոմակայանի շահագործման ծախսերը շատ մեծ են, իսկ անվտանգությունն ամենևին երաշխավորված չէ՝ 10 տարվա ընթացքում այնտեղ տեղի ունեցավ մոտ 500 խափանում, և, ի վերջո, ամերիկացիները ապամոնտաժեցին ատոմակայանն ու բերեցին Կալիֆոռնիա:

Իսկ հիմա մեր հայրենակցուհու մասին։ Անտարկտիդայում մշտական բնակիչներ չկան: Ձմռանը մոտ 1000 մարդ է մնում, իսկ այ հիմա՝ երբ այնտեղ սկսվում է ամառը, գիտնականների և սպասարկող անձնակազմի թվաքանակը կհասնի 5 հազարի: Եվ շատ հնարավոր է, որ հենց այս օրերին Անտարկտիդա է մեկնում նաև Սան Ֆրանցիսկոյի համալսարանի պրոֆեսոր Դենեբ Կարենցը:

Դենեբ Կարենց. «Հպարտ եմ, որ Անտարկտիդայում իմ անունով լիճ կա»
Համաձայնեք՝ անսովոր անուն է՝ Դենեբ: Ուղղակի նրա հայրը՝ Վարուժան Կարենցը, հրապուրվում էր աստղագիտությամբ և աղջկան անվանել է Հարավային Խաչ համաստեղության ամենավառ աստղերից մեկի անունով: Առաջին անգամ այդ կինը Անտարկտիդա է մեկնել ավելի քան 30 տարի առաջ՝ 1986-ին և դրանից հետո մոտ 20 անգամ վերադարձել է այնտեղ կենսաբանական հետազոտություններ կատարելու նպատակով: 

Գիտե՞ք ինչն է ամենահետաքրքիրը՝ մեր հայրենակցուհին աշխատում է այն լճի հարևանությամբ, որը կոչվում է իր անունով: Տարիներ առաջ աշխարհագրական անվանումների ամերիկյան խորհուրդը, հաշվի առնելով ամերիկահայ գիտնականի վաստակը, Անտարկտիդայի լճերից մեկին պաշտոնապես շնորհեց նրա անունը: Իրականում, իհարկե, լիճ չէ բառիս բուն իմաստով՝ մոտ մեկ կիլոմետր երկարությամբ հարթ տարածք է, որը սառույցով է պատված:

«Երբ առաջին անգամ լսեցի այս մասին, կարծեցի, թե կատակ է, բայց հետո հպարտության զգացում ապրեցի» , ասել է Դենեբ Կարենցը:

Համաձայնեք` հաճելի է գիտակցել, որ մեր հայրենակցուհու անունով լիճ կա: Թեկուզ Անտարկտիդայում: