Ապագան ID քարտերինն է. դրա առկայության դեպքում սոցիալական քարտ պահանջելն անօրինական է

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանն անդրադարձել է հայաստանյան անձը հաստատող փաստաթղթերի ապագային` պատասխանելով անձնագիր, թե ID քարտ հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Քաղաքացիները հաճախ ահազանգում են, որ տարբեր մարմիններում` անկախ ID քարտի առկայությունից, իրենցից սոցիալական քարտ են պահանջում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը հերթական անգամ հիշեցնում է` իրավունք չունեն պահանջելու։

Անդրադառնալով Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի բազմազանությանն ու դրա հետևանքով քաղաքացիների մոտ առաջացող խառնաշփոթին` պաշտոնյան նշում է, որ նույնականացման քարտերն (ID) ավելի դիմացկուն են, քան անձնագրերը։ Դրանք համեմատաբար ավելի ուշ են մաշվում և պարունակում են հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ) ու էլեկտրոնային ստորագրություն։

Բիչախչյան. «ID քարտը շուտով շատ երկրներում կդառնա ճամփորդական փաստաթուղթ»

«Ամենօրյա կրելու համար նույնականացման քարտն ավելի հարմար է, ուշ է մաշվում, դրա վրա առկա է հանրային ծառայությունների համարանիշը։ ՀԾՀ մատուցման ցանկացած բնագավառում (տույժ–տուգանքների, հարկերի մուծում և այլն) կարիք է առաջանում ներկայացնելու ՀԾՀ։ Քաղաքացին, եթե չունի նույնականացման քարտ, ստիպված է լինում ժամանակ ծախսել, ներկայանալ անձնագրային ծառայություն, դիմել և ստանալ ՀԾՀ, որն А4 ֆորմատի վրա տպվող փաստաթուղթ է»,– ասաց նա։

А4 ֆորմատի թղթի վրա տպվող այդ փաստաթուղթը շատ արագ մաշվում է, և քաղաքացին ստիպված է լինում նորից անցնել նույն ընթացակարգով ու երկար հերթերով նորը ստանալու համար։ Մինչդեռ նույնականացման քարտի վրա ՀԾՀ–ն ի սկզբանե առկա է, և լրացուցիչ քաշքշուկի կարիք չի լինում։

Բացի այդ, ID քարտն էլեկտրոնային փաստաթուղթ է, որի պահոցում կուտակվում են անձի կատարած էլեկտրոնային գործարքների մասին տեղեկությունները։

Հայաստանի անձնագրերը տեխնիկական խնդիրներ ունեն. 2020թ.-ին նորերը կտպագրվեն

«Այսօր աշխարհն առաջ է գնում, զարգանում է էլեկտրոնային կառավարման համակարգը։ Այս առումով նույնականացման քարտն ավելի հարմար փաստաթուղթ է քաղաքացու համար, քան բիոմետրիկ անձնագիրը»,– ասաց մեր զրուցակիցը։

Նույնականացման քարտի դեպքում քաղաքացին շահում է նաև ֆինանսապես։ Բանն այն է, որ դրա դիմաց պետտուրքը 3000 դրամ է, մինչդեռ անձնագրի` օտարերկրյա պետությունում վավերականության 10 տարվա նշումը քաղաքացու գրպանին 11 000 դրամ է արժենում։

Իսկ սոցիալապես անապահով այն քաղաքացիների համար, որոնց ընտանեկան նպաստի գնահատման բալը 30.1 է, նույնականացման քարտը տրվում է անվճար։ Քարտի դիմաց չեն վճարում նաև 16 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք դեռ անձնագիր չունեն։

Հարկայինը ID քարտի օգնությամբ կպարզի քաղաքացիների «ձախ» եկամուտները

Բայց սա դեռ ամենը չէ. նույնականացման քարտն առաջիկայում կարող է փոխարինել անձնագրին ոչ միայն Հայաստանում, այլև արտերկիր մեկնելիս։ Այսօր սա դեռ անհավանական է թվում, բայց Հայաստանն արդեն իսկ այսպիսի համաձայնագիր ունի Ղազախստանի հետ։

«Համաձայնագրի նախագծին կառավարությունը համաձայնություն է տվել։ Հետագայում երկու երկրների կառավարությունները պետք է վավերացնեն»,– ասաց Բիչախչյանը` հավելելով, որ Ղազախստանն առայժմ առաջին երկիրն է, բայց ինքը լիահույս է, որ առաջիկայում նույնաբովանդակ պայմանագրեր կստորագրվեն նաև այլ երկրների հետ։

Բայց մինչ այդ ՀՀ կառավարությունը ներքին իրավական ակտերում էլ որոշ փոփոխություններ պետք է անի` թույլ տալով ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերով մեկնել արտերկիր։

Քեյան. «Խնդիրի առջև կկանգնեն նաև մեքենաների ներկրման և օտարման հարցերով զբաղվողները»

Հարցին, թե ինչպես են կարգավորվելու նույնականացման քարտերով կատարվող այն ուղևորությունները, որոնք իրականացվում են այլ երկրների տարածքով` տարանցմամբ, Մնացական Բիչախչյանը պատասխանեց. «Դա կկարգավորվի միջազգային պայմանագրերով։ Օրինակ` եթե դեպի Ղազախստան է գնում, բնականաբար, որևէ խնդիր քաղաքացին չի ունենա»։

Հիշեցնենք` Հայաստանի և  Ղազախստանի միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նոյեմբերի 21-ի նիստում։