ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik.«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019թ–ի հեռուստամարաթոնի շրջանակում, որը տևել է 12 ժամ, հանգանակվել է 9 856 100 դոլար:
Համեմատության համար նշենք, որ անցած տարի հանգանակությունը կազմել էր 11 միլիոն դոլարից մի փոքր ավել (11 109 633), իսկ 2017թ–ին գերազանցել էր տասներկուսուկես միլիոնը (12 505 456)։
Այս տարի հավաքված միջոցները կտրամադրվեն Արցախում, ինչպես նաև Տավուշում, Լոռիում և Շիրակում ջրամատակարարման և այլընտրանքային էներգետիկայի նախագծերի իրագործմանը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռուստամարաթոնի ուղիղ հեռարձակման ընթացքում մարտահրավեր էր նետել աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանին և Reddit կայքի հիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանին։ Փաշինյանը կոչ էր արել 10 000–ական դրամ նվիրաբերել հիմնադրամին և շղթայական մարտահրավեր նետել ևս երեքին։
Նոյեմբերյան հեռուստամարաթոն՝ հարցեր և ակնկալիքներ
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա 22–րդ հեռուստամարաթոնն ընթացել է «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո: 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի հեռարձակվել է Երևանից, իսկ հաջորդ 8 ժամը` Լոս Անջելեսից։