ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Լեռային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին Բիշքեկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Երեկվա համատեղ նիստը շատ լավ առիթ էր ամփոփելու տարվա ընթացքում արված աշխատանքները և նախանշելու 2020–ի անելիքները։ Զգալի թվով որոշումներ ընդունեցինք։ Հայաստանն իր կողմից անդրադարձավ բոլոր այն կարևոր հարցերին, որոնք վերաբերում են ՀՀ անվտանգության ներկայիս օրակարգին, այդ թվում` Ղարաբաղյան հիմնահարցին»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` հատուկ ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ անվտանգային հարցերում միասին գործելը շատ կարևոր է։
ՀՀ վարչապետն ու Ղրղզստանի նախագահն ամրապնդելու են համագործակցությունը
Մնացականյանը հայտնեց, որ նիստին անդրադարձել է նաև Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելությանը` ընդգծելով մտավախությունները, որոնք տեսնում է։ Մասնավորապես, խոսել է անհանգստությունների մասին, որոնք վերաբերում են Սիրիայում բնակվող կրոնական, էթնիկ փոքրամասնություններին, մասնավորապես` հայերին։ ԱԳ նախարարն գործընկերներին իր մտահոգությունն է հայտնել նոյեմբերի 11–ին Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հոր սպանության դեպքի առթիվ։
«Անդրադարձել է եղել նաև ՀԱՊԿ երկրների համագործակցությանը` տարբեր միջազգային հարթակներում` ՄԱԿ–ում, ԵԱՀԿ–ում և այլն։ Հաջորդ տարին շատ խորհրդանշական է, քանի որ նշվելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75–ամյակը։ ՀԱՊԿ–ը` որպես միասնական անվտանգային կազմակերպություն, տարբեր միջոցառումներ է կազմակերպելու, որոնք ընդգծելու են անվտանգության հարցերում մեր միասնականությունը»,–ասաց նախարարը։
Հարցին, թե Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ Մնացականյանի ներկայացրած դիտարկումներն ընդունե՞լ են մյուս կողմերը և ինչպե՞ս են արձագանքել` վերջինս պատասխանեց, թե բոլորն ընդգծել են` անհրաժեշտ է զգայուն լինել այնպիսի հարցերի նկատմամբ, որոնք վերաբերում են յուրաքանչյուր պետության անվտանգությանը։
Բոլոր խնդիրները լուծվում են. Պուտինի օգնականը` Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին
Մնացականյանը նշեց, որ ՀԱՊԿ–ը դաշնակցային հարթակ է, և Հայաստանն էլ իր հերթին զգայուն է տարբեր երկրներին առնչվող մարտահրավերների հանդեպ։
Հիշեցնենք, որ 2020–ի հունվարի 1–ից Բելառուսը կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը. ՀԱՊԿ–ի անվտանգության քարտուղարը կլինի Ստանիսլավ Զասը:
Նշենք, Բիշքեկ են մեկնել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մեկնել է Բիշքեկ։