ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Պետեկամուտների կոմիտեն ուժեղացրել է հսկողությունը Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում գործող ԱՏԳ կենտրոնում։ Այս մասին հայտնում է ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը։
ՊԵԿ–ը վերջին օրերին տեղեկություն է ստացել Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում գործող ԱՏԳ կենտրոնում (հասցե՝ք. Գյումրի, Թբիլիսյան խճուղի 2/14) մաքսային հսկողության ներքո գտնվող ավտոմեքենաների առանձին մասերի գողության դեպքերի մասին:
«Այս կապակցությամբ մաքսային ծառայությունն ուժեղացրել է հսկողությունը ԱՏԳ տարածքում և դիմել ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ` նկարագրված դեպքերը հետագայում բացառելու և մեղավոր անձանց բացահայտելու ուղղությամբ», – նշված է հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է նկարագրված դեպքերից տուժած բոլոր անձանց համապատասխան հաղորդումներ ներկայացնել ՀՀ ոստիկանություն:
Հիշեցնենք՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չէին հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։
Քաղաքացիները գոհ են, պատասխանատուները` երջանիկ. Գյումրու նոր մաքսատունը սկսեց աշխատանքը
Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։ Սեպտեմբերի 19-ին կառավարության նիստում Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շինարարությունն իրականցվում է ժամկետներին համապատասխան և մաքսատունը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 11-ին։
Իսկ հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Անանյանը խոստովանեց, որ մաքսատան շինարարությունը կավարտվի միայն նոյեմբերի սկզբին, և որ շինարարական աշխատանքները տարվում են 24-ժամյա ռեժիմով։ Գյումրիում մաքսատան ամբողջական շահագործումից հետո Երևանում գործող Արարատյան մաքսատունը կդադարի գործել։ Այժմ Երևանի մաքսատունն իրականացնում է մաքսային ձևակերպումների ամբողջ ծավալի շուրջ 80 տոկոսը։
Ավտոկրող տրեյլերով ներմուծվող մեքենաների մաքսային ձևակերպումները կիրականացվեն Գյումրիում