ԵԱՏՄ–ում տուրքերի բաշխման հարցը երկար է քննարկվել, բայց լուծվել է. ՀՀ փոխվարչապետ

Մաքսատուրքերի բաշխումը փոքր–ինչ փոխվել է. Ռուսաստանի և Ղազախստանի հաշվին մի փոքր աճել է Բելառուսի մասնաբաժինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Եվրասիական միությունում մաքսատուրքերի բաշխման հարցը երկար է  քննարկվել, բայց ի վերջո լուծվել է։ Այս մասին Երևանում ընթացող Եվրասիական միության երկրների Վերահսկիչ պալատների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փրկարարների աշխատավարձերն ուշացնում են. ԱԻ նախարարը կառավարությունից գումար ուզեց

ԵԱՏՄ–ն ու Վիետնամն ազատ առևտուր կանեն. կգնենք հագուստ, կվաճառենք խմիչք

Գրիգորյանը նշեց, որ այդ տուրքերի բաշխումը  պարզապես մաթեմատիկական բանաձև չէ։ Այն արտացոլում է յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման մակարդակը։

Քննարկումները երկար և մանրակրկիտ են եղել, և այս տարի վերջապես լուծումը  գտնվել է։

«Բազմաթիվ գործոններ, որոնք մեր երկրների տնտեսությունների համար նշանակություն ունեն, հաշվի են առնվել։ Մենք ուրախ ենք նկատել, որ դա տեղի է ունեցել ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության ընթացքում։ Մեր հանրապետությունը մեծ ջանքեր է գործադրել` ամրապնդելու մեր երկրների ինտեգրացիան և ընդլայնելու մեր համագործակցության աշխարհագրությունը»,–նկատեց Գրիգորյանը։

Կա տեղական և կա ռեգիոնալ հովանավորչություն. ԵԱՏՄ պաշտոնյան խոսել է «Վերին Լարսի» խնդրից

Նա հիշեցրեց, որ Հայաստանի նախագահության ընթացքում ստորագրվել են համաձայնագրեր Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին, ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր (երեք տարի ժամկետով) համաձայնագիրը, և որ ինտեգրացիան ամրապնդվելու է նաև հետագայում։

ԵԱՏՄ երկրներից մեկում որոշել են «հայկական» ապրանք արտադրել. գործը քննում է ԵԱՏՄ–ն

Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 1-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին  ԵԱՏՄ երկրների առաջնորդները պայմանավորվել էին մաքսատուրքերի վերաբաշխման մասին։ Բելառուսի մասնաբաժինն ավելացվել է  և 4,56%–ից դարձել 4,86% (մոտավորապես  40-50  միլիոն դոլար)։ Դրա փոխարեն Ռուսաստանի մասնաբաժինն իջել է  85,265%–ից մինչև 85,065%, իսկ Ղազախստանինը`  7,055%–ից 6,955%։ Հայաստանի և Ղրղըզստանի մասնաբաժինը չի փոխվել. այն համապատասխանաբար մնացել է 1,22% և 1,9%։