ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերի մի մասն է վերականգնվել. հայտնի է հրահանգողը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննել են ԱԱԾ բոլոր աշխատակիցներին, որոնք կոնկրետ անուն են տվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանն իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ նյութեր են ոչնչացրել:

Ինչու են խուզարկել փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակը. ԱԱԾ–ի պարզաբանումը

Իսկ հոկտեմբերի 23-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր. «Քրեական գործ չկա… տենց անհետացած, դա ուղղակի ասեկոսեներ են, ներքին շրջանառության փաստաթղթեր են, որոնց օրինակները եղել են, վերականգնվել են»:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերականգնվել է այդ փաստաթղթերի մի մասը միայն, իսկ այս հարցի առնչությամբ ԱԱԾ են հրավիրել ու հարցաքննել ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանին:

ՀՀ քաղաքացիները պաշտոնական փաստաթղթեր են կեղծել. ԱԱԾ հերթական բացահայտումը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննել են նաև ԱԱԾ բոլոր աշխատակիցներին, որոնք կոնկրետ անուն են տվել` մատնացույց անելով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանին ու տեղեկացնելով, որ հենց նա է ասել, որ ոչնչացնեն այդ նյութերը: Դավթյանն, ի դեպ, հեղափոխությունից 1 ամիս անց՝ մայիսի 29-ին, պաշտոնից ազատվել է: ԱԱԾ ներքին քննարկումներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, եզրահանգել են, որ նյութերը ոչնչացվել են, քանի որ դրանք պահելու անհրաժեշտություն չի եղել, ու դա նորմալ պրոցես է: Սակայն աղմուկից հետո մտադրվել են վերականգնել, ինչը մասամբ է հաջողել: