Երևանը կրկին կլցվի ջազային հնչյուններով. մայրաքաղաքում կտոնեն Լևոն Մալխասյանի 75-ամյակը

Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգների շրջանակում Հայաստան կժամանեն լեգենդար Take 6 խումբը և տաղանդավոր իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձի կապակցությամբ կկազմակերպվեն մեծամասշտաբ համերգներ՝ համաշխարհային և հայ հռչակ վայելող արտիստների մասնակցությամբ:

Թոռնիկ ունենալն իմ այն երազանքն էր, որ անկատար մնաց․ անկեղծ զրույց Լևոն Մալխասյանի հետ

Այս առթիվ կրկին Հայաստան կժամանի իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը: Նա դեկտեմբերի 8-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի հետ համերգ կունենա, որի ժամանակ նրանց կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

Ռուսական էկրաններին Երևանի երաժիշտների մասին պատմող ֆիլմն է

Հիշեցնենք, որ Ավիշայ Քոեն առաջին անգամ Հայաստան էր եկել 2017 թվականի մայիսին: Նրա հետ բացառիկ համերգին նվագեցին  ճանաչված երաժիշտներ Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը՝ (դաշնամուր):

Հայաստան կժամանի նաև  Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6  խումբը: Աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը Երևանում ելույթ է ունենալու առաջին անգամ:  Դեկտեմբերի 18-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա լեգենդար խմբի համերգը:

Իսկ Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն տեղի կունենա  դեկտեմբերի 25-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը և ընկերները:

Լևոն Մալխասյան. «Հոպ, ընկերներ, ես շարունակողն եմ»

Հավելենք, որ Լևոն Մալխասյանը ծնվել է 1945թ. Երևանում: 1963թ. Երևանում կազմավորել է առաջին ջազ եռյակը, որը հետագայում անվանվել է «Լևոն Մալխասյանի ջազ կվարտետ»: 1980-ականների սկզբին Հենրիկ Իգիթյանի Գեղագիտական կենտրոնում հիմնել է ջազ ակումբ, որում ներգրավված են եղել գրեթե բոլոր հայ ջազ երաժիշտները։ Ակումբը կազմակերպել է բազմաթիվ ջազ-փառատոներ: 1998թ. Երևանում կազմակերպել է առաջին միջազգային ջազ փառատոնը, 2000թ.` երկրորդը, 2006թ.` երրորդը, որոնց շրջանակում Հայաստան են ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ ջազ երգիչներ, երաժիշտներ ու խմբեր` Չիկ Կորեա, «Նյու Յորք Վոիսիս», «Earth, Wind & Fire» և այլն:

Լևոն Մալխասյան. «Հոպ, ընկերներ, ես շարունակողն եմ»

2006թ. եղել է «Մալխաս» ջազ ակումբի համահիմնադիրը, որի երաժշտական ղեկավարն է: Բազմաթիվ ջազ մրցույթների դափնեկիր է: 1999թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2003թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2008թ.` ՌԴ Լոմոնոսովի անվան մեդալի` հայկական ջազ երաժշտությունը արտերկրում տարածելու համար, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: 2007թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2013թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: