ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik, Ժաննա Պողոսյան. Ռազմական նոթերը համարվում են ինքնակենսագրական արձակի ամենածանր տեսակներից։ Դրանք հազվադեպ են բեսթսելեր դառնում կամ հայտնվում առցանց հարթակներում խորհուրդ տրվող գրքերի ցանկում, չէ՞ որ ոչ բոլորն են պատրաստ «մարսել» իրական պատերազմի սարսափելի դրվագները` չզարդարված գեղարվեստական ձևակերպումներով։
Չնայած դրան` Մոսկվայի «Կուչկովո պոլե» հրատարակչությունը մի քանի տարի շարունակ թողարում է «Ռազմական նոթեր» շարքը։ Դրանում վերահրատարակվում են ինչպես նախահեղափոխական հուշերը, այնպես էլ ժամանակակից հեղինակների հիշողությունները։ Նույն շարքում Նապոլեոնի մասին գեներալ Արման դե Կոլենկուրի, Ռուսական կայսրության վերջին ծովային նախարար Իվան Գրիգորովիչի, Հայրենական մեծ պատերազմի մարշալ Իվան Ուստինովի և այլ անվանի ռազմական գործիչների հուշերի հետ մեկտեղ ներառված է մի կնոջ հիշողությունների ժողովածուն։
1963թ–ին Խրիստինա Սյոմինան ամերիկյան Նյու Մեքսիկո քաղաքում հրապարակել է Առաջին աշխարհամարտի տարիներին Կովկասյան ճակատի մարտական գործողությունների մասին հիշողությունների երկու հատոր։ Նա ժողովածուն կոչել է «Ռուսական բանակի ողբերգություն», իսկ «Կուչկովո պոլե» հրատարակչությունը 2016թ–ին վերահրատարակել է Սյոմինայի հուշերը` «Գթասրտության քրոջ օրագիրը» վերնագրով։
Խրիստինան 17 տարեկան էլ չկար, երբ ամուսնացավ կովկասյան գնդի ռազմական բժիշկ Իվան Սյոմինի հետ։ Նա որոշեց դառնալ գթասրտության քույր և սկսեց աշխատել ճակատի մոտ գործող տարբեր հոսպիտալներում։ Նրա գրքերում նկարագրված են պատերազմի ծանրագույն իրադարձությունները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ։ Ամուսնու հետ լինելով Օսմանյան կայսրության հայկական քաղաքներում` Սարիղամիշում, Վանում և Ուրմիայում, Սյոմինան դարձել է կոտորածի բոլոր սարսափների ականատեսը, օգնել խեղված հայերին։ Օրինակ` նա նկարագրել է Սարիղամիշից վտարված և անհայտ հեռուները գնացող հայերի քարավանը։
«Մենք (սանիտարային տրանսպորտը, որում եղել են գթասրտության քույրերը և բժիշկները` խմբ.) շարունակեցինք շարժվել, բայց հիմա ավելի դանդաղ, որովհետև մենք հասանք ոտքով գնացող հայ փախստականներին, որոնք զբաղեցրել են ամբողջ ճանապարհը։ Այդ դժբախտները պետք է դուրս գային ճանապարհից, որպեսզի մենք կարողանայինք անցնել։ Հայերը քայլում էին մեր ամբողջ ճանապարհին` մերթ խմբերով, մերթ միայնակ` ամբողջ ունեցվածքը իրենց վրա կրելով։ Կանայք տանում էին մեջքերին կապած փոքրիկ երեխաներին, մյուսների ձեռքերից էին բռնել։ Ահա կինը գնում է երեխային մեջքին կապած և պարանով քաշում է վտիտ կովին։ Կնոջ ձեռքերում մեծ հանգույց է...
Հանկարծ կինը ճանապարհից մտավ խորը ձյան մեջ։ Իսկ ահա տղամարդը կրում է իր վրա ամբողջ տունը` ցորենի կամ ալյուրի պարկ, զամբյուղ, որից դուրս է ցցված պղնձե կաթսան, փայտյա բաժակ և ինչ–որ տարբեր կտորներ, իսկ այդ ամենի վրա` չանչերը կապած երկու հավ։ Նրանք շատ էին ճանապարհի երկու կողմերում` մինչև ծնկները խրված ձյան մեջ. տղամարդիկ, կանայք, երեխաներ և կենդանիներ։
– Գոնե երեխաներին վերցնենք։ Ախր կմրսենք, – ասացի ես։
– Ոչ, չեն տա։ Միասին գիշերը կսառեն, բայց երեխաներին չեն տա։ Ինչպե՞ս բաժանես նրանց, երբ մի ամբողջ ընտանիք է գնում, – ասաց կառապանը»։
Ցավոք, ոչ բոլոր ընտանիքներն են կարողացել հաղթահարել ճանապարհը։ Շուտով սանիտարների առջև սարսափելի տեսարան է բացվում։
«– Կանգնի՛ր, կանգնի՛ր։ Այդ ի՞նչ է այնտեղ ընկած։ Մա՞րդ, – կառապանը կանգնեցրեց ձին, երբ վազեց Գայդամակինը (սանիտարներից մեկը` խմբ.)։ – Գայդամակին, նայի՛ր, ի՞նչ է այնտեղ։
Նա մոտեցավ այդ տեղին, որտեղ ձյան մեջ մարդու ուրվապատկեր էր երևում։
– Դե, ի՞նչ է։
– Մահացած երեխա։ Երևի ցրտահարվել է, ծնողները թողել են նրան, – ասաց նա և մոտեցավ իր երկանիվ սայլակին։
– Մի՛ վշտացեք, տիկին։ Պատերազմը նոր է սկսվում։ Դեռ շատ սարսափելի բաներ կտեսնեք, – ասաց կառապանը։ – Աստված տա, ինքներս բարեհաջող հասնենք։ Մի բան կերեք, տիկին։ Ես հաց ու միս ունեմ, առաջարկեց նա։
– Ոչ, շնորհակալություն, չեմ ուզում...»
Գրքում հատկանշական դրվագ է նկարագրված Արդաղանի հոսպիտալից։ Նա պատմում է գթասրտության քրոջ մասին, որը հրաժարվել է բուժել թուրք զինվորներին։ Նա իր դիրքորոշումն այսպես է բացատրել.
«Դուք տեսնեիք, թե նրանք ինչ են արել հայ բնակիչների հետ, որոնց բռնացրել են Արդաղանում և այն փախստականների հետ, որոնց հետևից հասել են հարձակման ժամանակ։ Բոլոր տները դիակներով լի են։ Կանանց, երեխաներին, ոչ մեկին չեն գթացել։ Ճանապարհները ծածկված են դիերով։ Ոչ ոք չի փրկվել նրանցից։ Բոլորին մորթել են։ Իսկ մենք դեռ պետք է կերակրե՞նք նրանց», – վիրակապարանից դուրս գալով` ասաց քույրը»։
Գրքի վերնագիրը` «Ռուսական բանակի ողբերգությունը», կարմիր թելով անցնում է գրքի բոլոր գլուխներով։ Եթե մեկ նախադասությամբ ընդհանրացնենք, թե ինչում էր ռուս սպաների ողբերգությունը, այսպես կստացվի. ագրեսիվ և դաժան թուրքական բանակի դեմ սիբիրցիներն առավելություն են ստացել միայն անսպասելի հարձակումների ժամանակ։
Խրիստինա Սյոմինայի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Պատմությունը նույնիսկ չի պահպանել նրա աղջկական ազգանունը։ Հայտնի է միայն, որ 1918թ–ին նա, լինելով որբևայրի, Կոստանդնուպոլիսով տեղափոխվել է Ֆրանսիա, այնուհետև հայտնվել ԱՄՆ–ում` Նյու Մեքսիկո քաղաքում, որտեղ նկարագրված իրադարձություններից գրեթե 50 տարի անց նա իր միջոցներով հրապարակել է միակ գիրքը։ Տեղեկություն չկա, թե նա որտեղ է կնքել իր մահկանացուն, ամուսնացե՞լ է արդյոք, երեխաներ ունեցե՞լ է։
Հայերի ջարդերը վկայող գաղտնի հեռագրերը․ ի՞նչ է Հռոմի պապը խնդրել թուրք սուլթանին
Գիրքը ծանր է ընթերցողներից շատերի համար. նույնիսկ եթե հեղինակի ոճը խնդիրներ չի առաջացնում ընթերցողի մոտ, ապա բովանդակությունը մռայլ է և ողբերգական։ Գթասրտության քրոջ հուշերում գրեթե չկան լուսավոր իրադարձություններ։ Պատերազմի հետևանքով ավերված ևս մի կյանք, որը համարձակություն է ունեցել վերապրել իր ծանր հիշողությունները և փոխանցել դրանք սերունդներին, որոնք գիրքը վերահրատարակում են արդեն երկրորդ անգամ։ Ռուսաստանում Սյոմինայի գիրքն այնքան է սիրվել, որ 2016թ–ի հրատարակությունից հետո վերահրատարակել են նաև 2018թ–ին։