Աղետալի ծախսեր, կամ ինչու պետք է առողջապահական հարկը պարտադիր լինի

Առողջապահական ծառայությունները ՀՀ քաղաքացիների համար անվճար դարձնելու նպատակով նախարարությունը հանդես է եկել առողջապահության պարտադիր հարկ կիրառելու օրենսդրական նախաձեռնությամբ։ Նախագիծն արդեն հասցրել է քննադատության արժանանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան.Հայաստանի բնակչության 71.5%-ը գերադասում է բժշկի չդիմել և զբաղվել ինքնաբուժությամբ, որովհետև բժիշկներին վճարելու փող չունի։ Այս տվյալները բացահայտվել են 2017թ-ին կատարված հարցման արդյունքում։ Սակայն առողջապահության նախարարությունում վստահ են, որ վիճակն այսօր էլ նույնն է։

Առողջապահական թանկարժեք ծառայությունները ՀՀ բոլոր քաղաքացիների համար հասանելի դարձնելու համար նախարարությունն առաջարկում է նոր հարկատեսակ կիրառել` բոլոր աշխատող քաղաքացիների ամսական աշխատավարձերից 4-6 տոկոսի չափով` անկախ աշխատավարձի չափից։

Նվազագույնից նվազագույնն էլ կա. աշխարհն անցնում է աշխատավարձի հաշվարկի նոր մոդելի

Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ, որն արդեն հանրությանն է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft էլեկտրոնային հարթակում։

«Նախնական հաշվարկների համաձայն` աշխատող բնակչության ավելի քան 41%-ի համար (ամսական 150 000 դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծի հեղինակները հիշեցնում են, որ 2021թ.-ից եկամտահարկը բոլոր աշխատողների համար. անկախ աշխատավարձից, դառնալու է 20%, այսինքն` աշխատողների 59%–ի համար նվազելու է 4%-ով։ Նախագիծը մշակողները կարծում են, որ դրա փոխարեն նրանք կարող են սկսել առողջության հարկ վճարել, և դա նրանց համար լրացուցիչ բեռ չի դառնա։

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը, սակայն, հիշեցնում է` կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ, ՀՀ քաղաքացիներին միանգամայն հակառակ խոստում էր տվել։

Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման համար կարիք չի լինի մեկնել ՀՀ–ից. նոր կենտրոն է բացվել

«Իշխանությունը հայտարարել էր հարկերն իջեցնելու մասին։ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր` հարգելի ժողովուրդ, հարկերն իջեցնում ենք, հունվարի 1-ից ձեր տնօրինվող եկամուտը կավելանա։ Հիմա այս գործողությունը ճիշտ հակառակն է նշանակում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թադևոսյանը` տեսակետ հայտնելով, որ այս ամենը մեծ հարված է հասցնելու իշխանության վարկանիշին։

Բացի այդ, նրա համոզմամբ, այս կերպ ստացվում է, որ կառավարությունը սահմանում է նոր հարկատեսակ, որով փաստորեն բարձր եկամուտ ունեցողներից հավաքում է գումարն ու բաշխում ցածր եկամուտ ունեցողներին, այն դեպքում, երբ նույն գործառույթն արդեն իսկ իրականացնում էր եկամտային հարկը։

«Խոպան գնացածը տալո՞ւ է այդ վճարը։ Չի տալու։ Ինքը գնացել է խոպան, ես իր համար էլ պիտի վճարեմ, ծնողների համար էլ, իր երեխաների համար էլ։ Կամ, օրինակ, ավտոներկրողներն իրենց եկամուտները չեն հայտարարագրում, դրանից հարկ չեն վճարելու, նրանց փոխարեն էլ եմ, չէ՞, ես տալու։ Բայց կարող է՝ իրենք մի քանի անգամ ինձանից ավելի եկամուտ ունեն»,– կոնկրետ օրինակներով իր տեսակետն է հիմնավորում մեր զրուցակիցը։

ՀՀ–ում 30 տարվա ընթացքում շաքարային դիաբետի մահացության ցուցանիշն աճել է 2 անգամ

Միաժամանակ Թադևոսյանը նշում է, որ նախարարության առաջարկից տուժելու է նաև Հայաստանում ինչ-որ չափով արդեն ձևավորված առողջապահական ապահովագրության համակարգը։ Պարտադիր հարկատեսակից հետո մարդիկ, նրա խոսքով, բնական է, որ կհրաժարվեն լրացուցիչ ապահովագրական կամավոր վճարներից։ Միակ շահողն այս ամենից, նրա կանխատեսմամբ, կլինեն բուժհիմնարկները, որոնք չի բացառվում, առիթից օգտվելով, ավելացնեն իրենց ծառայությունների գները։

Ի դեպ, ըստ նախագծի, յուրաքանչյուր քաղաքացու համար տարեկան ապահովագրական միջինացված ծախսը հաշվարկվել է 77 274 դրամ: Բայց Փայլակ Թադևոսյանի հաշվարկով, բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները դրա դիմաց մի քանի անգամ ավելի թանկ են վճարելու։

«Այսինքն` այդ 77 000 դրամանոց փաթեթը որոշ մարդկանց վրա վաճառվելու է 400-500 հազար դրամով։ Եթե 6 տոկոս հարկ է վճարում, տարեկան կտրվածքով կազմելու է այդքան»,– ասաց նա։

Որքանո՞վ են ավելացել ՀՀ խոշոր հարկատուների վճարած հարկերը. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

Այսպես, եթե 6 տոկոսով հաշվարկենք, 100 000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին ամսական վճարելու է 6000, տարեկան` 72 000 դրամ։ 300 000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին ամսական կվճարի 18 000 դրամ, տարեկան` 216 000 դրամ։ 500 000 դրամ ստացողը համապատասխանաբար` 35 000 և 420 000 դրամ և այսպես շարունակ։

Ի դեպ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը հիմա գտնվում է Դանիայում, տեսնելով, որ թեման բուռն քննարկման առարկա է դարձել Հայաստանում, այդ երկրից Facebook-ի ուղիղ եթերում որոշ պարզաբանումներ է ներկայացրել նախագծի վերաբերյալ։

«Մենք մեր առողջության վրա ազգովին ծախսում ենք շատ ավելին, քան առաջարկում ենք նոր մեխանիզմով հավաքագրել` անունը դնենք հարկ, թե որևէ այլ բան»,– ասում է Թորոսյանը։

Կյանքի ու մահվան սահմանագծին. դիակային փոխպատվաստում. մարդիկ «այո» կասե՞ն ճիշտ պահին

Նախարարի տվյալներով` 2020թ.-ի բյուջեով պետպատվեր բուժծառայությունների համար պետությունը հատկացրել է 109 մլրդ դրամ։ Բայց իրականում բոլոր քաղաքացիներին անվճար բուժօգնությամբ ապահովելու համար անհրաժեշտ է կրկնակիից ավելի` շուրջ 250 մլրդ։

Այդ գումարն ապահովելու համար էլ նախարարությունն առաջարկել է աշխատող քաղաքացիներին իրենց աշխատավարձերից ամեն ամիս 4-6 տոկոսը վճարել առողջապահական հարկ։

«Մենք հիմա ունենք մի համակարգ, որտեղ բնակչության մի մասի համար վճարում է պետությունը, մնացածի համար քաղաքացիները։ Առողջապահության ծախսերի ընդամենը 15 տոկոսն է կատարվում ոչ կանխիկ եղանակով, մնացած 85 տոկոսը` կանխիկ։ Վատն այն է, որ հաշվի առնելով մեր բնակչության սոցիալական վիճակը՝ այդ ծախսերն աղետալի են, և բերում են մեր բնակչության աղքատացմանը։ Կամ մարդիկ՝ վարկ են վերցնում, որ կարողանան առողջապահական ծախսերը հոգալ, տուն են վաճառում, ավտոմեքենա, իրենց բոլոր խնայողություններն են ծախսում, որ կարողանան հոգալ իրենց առողջական ծախսերը»,– ասում է Թորոսյանը։

Նախարարը նաև հիշեցնում է` սա ընդամենը առաջարկ է, որի հիմքում դրված է Հայաստանի 30 տարիների փորձն ու համաշխարհային լավագույն պրակտիկան։

«Մեր կարծիքով՝ սա լավագույն լուծումն է կամ այն հիմքը, որի շնորհիվ այդ լավագույն լուծումը կգտնվի»,– համոզված է Թորոսյանը։

Ինչ վերաբերում է կամավոր ապահովագրության համակարգին, նախարարն արձանագրում է, որ դրանով ամբողջ բնակչության խնդիրը լուծել հնարավոր չէ, դրա համար էլ ընտրվել է պարտադիր տարբերակը։ Իսկ թե ինչու պիտի աշխատողը վճարի չաշխատողի փոխարեն, Արսեն Թորոսյանն այս հարցին այսպես է պատասխանում. «Չվճարող քաղաքացին դա ձեր կինն է, ձեր անչափահաս երեխաներն են, որ դեռ չեն հասցրել աշխատել, ձեր ծնողներն են, որոնք կենսաթոշակառու են, աշխատել են, բայց այս պահին գումար չունեն, ձեր հարազատներն են, որոնք առողջապահական ծախսերի համար ստիպված են ձեզանից պարտքով գումար խնդրել»։

Փաշինյանի գաղտնի հանձնարարականով բարձրացել են նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը

Նշենք, որ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով նախատեսվում է նոր հարկատեսակը կիրառել 2022թ–ից, եթե, իհարկե, կառավարությունը, խորհրդարանն ու ՀՀ քաղաքացիները ցանկանան ընդունել ու վճարել առողջապահության նախարարի առաջարկած նոր հարկատեսակը։