ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի, Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29–ին կմեկնի Մոսկվա լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին հրաժեշտ տալու համար։ Պետության ղեկավարը կընդհատի արտասահմանյան այցը: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից։
93 տարեկան հետախույզը վախճանվել է նոյեմբերի 25–ին։
Ավելի վաղ Արմեն Սարգսյանի մամուլի ծառայությունը հրապարակել էր նախագահի հեռագիրը, որում նա նշել էր. «Հայ ժողովուրդը կորցրել է ուժեղ, իմաստուն, հմայիչ, իսկապես մեծ մի կնոջ, որը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու և ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակներից մեկին»։
Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա») ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին Լենինականում (այժմ` Գյումրի)։ Գոհար Վարդանյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն էր։
1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում Գոհարն անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ: 1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը:
Հայկական Ջեյմս Բոնդը և իր Անիտան. Գոհար Վարդանյանը քիչ էր մնում` մատներ ամուսնուն Փարիզում
1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։
Գոհար Վարդանյանն իսկական հայրենասեր էր, պայծառ անձնավորություն. Փաշինյանը ցավակցել է
1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին Գևորգ և Գոհար Վարդանյանները վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։