Դեղ, թե կոնյակ` կեղծիքն անթույլատրելի է. Ռուսաստանում և Հայաստանում պայքար են սկսել

Անօրինական մուշտակների նկատմամբ վերահսկողության փորձը շատ արդյունավետ էր։ Այժմ ստուգիչ մակնշում են ուզում կիրառել կոշիկի և այլ ապրանքների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ապրանքների հսկողության նոր միջոցներն արդեն ցույց են տվել իրենց արդյունավետությունը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի նախագահ Ասլամբեկ Ասլախանովը։

ԵԱՏՄ երկրներից մեկում որոշել են «հայկական» ապրանք արտադրել. գործը քննում է ԵԱՏՄ–ն

Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միության փորձնական նախագիծն ապրանքների թվային մակնշման վերաբերյալ արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։

«Կարելի է ասել, որ երկաթբետոնե արդյունք է գրանցվել. կեղծիքը կրճատվել է մի քանի անգամ։ Առևտրի և արդյունաբերության նախարարությունը հիանալի աշխատանք է կատարել։ Այժմ մակնշման նման համակարգ է սահմանվում կոշիկի և այլ ապրանքների համար։ Եվ, իհարկե, պետք է հետևել ոչ միայն կանոններին, այլ նաև դրանց կատարմանը»,– հավելել է Ասլախանովը։

Նրա կարծիքով` հատկանշական է սիգարետի օրինակը։ Ռուսաստան է ներմուծվում ահռելի քանակությամբ կեղծ ապրանք։ Բրենդային սիգարետների անվան տակ անցնում են կեղծ սիգարետները, որոնք ավելի վտանգավոր են առողջության համար։

Հայ կոշկակարները պետք է իմանան այս մասին. փորձագետը` ԵԱՏՄ–ում ապրանքների մակնշման մասին

Դա վերաբերում է նաև ալկոհոլին, այդ թվում` կոնյակին։ Տարիներ շարունակ Ռուսաստանում կեղծ ապրանքն իր ծավալով գրեթե գերազանցել է իսկականին։ Հայկական և ռուսական գերատեսչությունների համատեղ աշխատանքն օգնել է կրճատել անօրինական շրջանառությունը։

ԵԱՏՄ–ն ու Վիետնամն ազատ առևտուր կանեն. կգնենք հագուստ, կվաճառենք խմիչք

«Ցավոք, այն կառույցները, որոնք պետք է պայքարեն կեղծիքի դեմ, երբեմն իրենք են կեղծիք անում։ Ուստի շատ կարևոր է ոչ միայն ընդունել կանոնները, այլ նաև հետևել տեղերում դրանց կատարմանը», – ասաց նա` հավելելով, որ դա պետք է լինի համակարգային աշխատանք։

Այստեղ պետք են մասնագետներ, որոնք կզբաղվեն իրենց գործով և կպաշտպանեն սպառողների շահերը։ Նա նշեց, որ նախևառաջ պետք է զարգացնել սեփական արտադրությունը։

«Դուք տեսե՞լ եք, թե ինչպես է Ռուսաստանի նախագահը ցուցադրել նոր դեղերը, այդ թվում` ուռուցքաբանական։ Ժամանակին մեր դեղորայքը գնել են նույնիսկ Արևմուտքում, որովհետև դրանք որակով և էժան են եղել։ Կեղծիքի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը սեփական արտադրությունը զարգացնելն է»,–եզրափակել է Ասլախանովը։

Նշենք, որ անօրինական ապրանքների դեմ պայքարի վերաբերյալ նոր հարցեր են քննարկվել «Անտիկոնտրաֆակտ 2019» համաժողովում, որը տեղի է ունեցել Երևանում։ Դրան մասնակցել են ԵԱՏՄ երկրների պետական կառույցների և ոլորտային ասոցիացիաների ներկայացուցիչները։