ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հյուսիսային պողոտայում այս տարի Սուրբծննդյան տոնավաճառ չի գործի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Պասկալ և Դիոդատո» ընկերության տնօրեն Պիեռ Բաղդադյանը, որն էլ կազմակերպում էր տոնավաճառը։
«Յոթ տարի շարունակ Ամանորի օրերին Երևանի Հյուսիսային պողոտայում գործող Սուրբծննդյան տոնավաճառի շնորհիվ տարածքը տոնական շունչ էր ստանում։ Սակայն Երևանի քաղաքապետարանն այս տարի մերժել է մեր հայտը` ասելով, որ այնտեղ չենք կարող մեր կրպակները տեղադրել»,–ասաց Բաղդադյանը։
Նրա խոսքով` քաղաքապետարանը չի պարզաբանել, թե ինչու է արգելում տոնավաճառի կազմակերպումը. իր հարցմանն ուղղված պատասխանում նշված է` Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման ձևաչափը փոխվել է։
Բաղդադյանը հիշում է` 7 տարի առաջ Ամանորին առաջին անգամ Աշտարակում է մի քանի սուրբծննդյան կրպակ տեղադրել ու տեսել` դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում։
«Քանի որ տեսանք գաղափարն աշխատում է, դիմեցինք քաղաքապետարան, որպեսզի Երևանում Սուրբծննդյան տոնավաճառ անցկացնենք։ Մեր մտահղացումը դուր էր եկել քաղաքապետարանին ու որոշվեց Հյուսիսային պողոտայում տոնավաճառն իրականացնել»,–պատմեց Բաղդադյանը։
Նա նշեց նաև, որ առաջին անգամ 12 կրպակ են ունեցել. ժամանակի ընթացքում կրպակների թիվը 50–ի է հասել։ Կրպակները, որոնք ձեռք են բերել տոնավաճառի ընթացքում գոյացած հասույթից, այժմ, ըստ գործարարի` չգիտեն` ինչ են անելու։
Բաղդադյանը նշեց նաև, որ ավելի ուշ քաղաքապետարանից առաջարկել են սուրբծննդյան տոնավաճառ կազմակերպել Երևանի 2750–ամյակին նվիրված պուրակում։ Սակայն, նրա հավաստմամբ`փորձը ցույց է տվել, որ այլ վայրում գաղափարը չի աշխատում. մեկ անգամ օպերայի տարածքում են 5 կրպակ տեղադրել ու համոզվել, որ Հյուսիսային պողոտայից դուրս «դրանք չեն աշխատում»։
Հարցին, որ եթե քաղաքապետարանը մրցույթ հայտարարի, կմասնակցե՞ն` Բաղդադյանը պատասխանեց, որ նախ կուսումնասիրեն մրցույթի պայմանները։
«Չեմ կարծում, որ մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն կար, քանի որ քաղաքապետարանը որևէ գումար չէր ծախսում ու որևէ գումար մեզ չէր տրամադրում։ Ինքներս էինք հոգում բոլոր ծախսերը։ Չնայած այն փաստին, որ Հայաստանում այդ մշակույթի հիմքը մենք դրեցինք, բայց, այնուամենայնիվ, շատ կուրախանամ, եթե ավելի լավ կազմակերպեն այն»,–ասաց Բաղդադյանը։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հայտնեց, որ Երևանում Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի չեղարկվել կամ արգելվել` տեղն է փոխվել։ Նրա խոսքով` Սուրբծննդյան տոնավաճառը գործելու է հանրապետության հրապարակի հարակից հատվածում՝ Երևանի 2750-ամյակի այգում: Իսկ Հյուսիսային պողոտայում, որտեղ անցկացվում էր տոնավաճառը, այս տարի կրեատիվ տոնածառների ցուցադրություն է լինելու։
«Այն, որ Սուրբծննդյան տոնավաճառ է անցկացվելու այս տարի, մենք հայտարարել ենք դեռ 2 շաբաթ առաջ և այսօր վերահաստատում ենք այդ փաստը։ Երևանի 2750-ամյակի այգում կգործի 40 տաղավար–տնակ, որոնք աճուրդով կտրվեն տնտեսվարողին։ Աճուրդի պայմանների մասին մանրամասները հայտնի կլինեն այսօր կամ վաղը»,–ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է «Պասկալ և Դիոդատո» ընկերությանը, ապա քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց, որ այնքան էլ լավ չի հիշում` ինչ պայմաններով և ինչ գումարի դիմաց է այդ տարածքներն ու կրպակները նրանց տրվել։ Կարապետյանը հայտնեց, որ քաղաքապետարանի հայտարարված աճուրդին յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել։
Հիշեցնենք, որ Ամանորի տոնակատարությունների համար կառավարության որոշմամբ տրամադրվել է 271 մլն 797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:
Հեքիաթային քաղաքից մինչև Բրեգովիչի համերգ. որքան կարժենան այս Նոր տարվա միջոցառումները
Սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես, Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, Երևանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market), Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի և այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն և այլն։
Հանրապետության հրապարակում Ամանորի գիշերը նախատեսված է աշխարհահռչակ Գորան Բրեգովիչի համերգն իր նվագախմբով: