ՌԱԴԻՈ

Կոստանյան. «Շոու են կազմակերպում, ուզում են Մարտի 1-ի գործի քննության իմիտացիա ցույց տալ»

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին ու իր նկատմամբ հետախուզում հայտարարելու հեռանկարին։
Sputnik
Կոստանյան. «Շոու են կազմակերպում, ուզում են Մարտի 1-ի գործի քննության իմիտացիա ցույց տալ»

Գևորգ Կոստանյանի կարծիքով՝ ամբողջ մեղադրանքը կառուցված է այն բանի վրա, որ ինքը որպես նախարարի տեղակալ հանձնարարականներ է տվել ոստիկանության պետին և այլ բարձրաստիճան ոստիկաններին, բայց ոստիկանությունը ռազմականացված կառույց է և հստակ սահմանված է, թե ով կարող է հանձնարարականներ տալ ոստիկաններին, և արդյոք նրանք իրավասու են դրանք կատարել: Հետևաբար դրա վրա ինչ-որ վարկած կառուցելը, ըստ Կոստանյանի, ինքնին անընդունելի է:

«Եկեք սպասենք». Խաչատրյանը` Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

«Երկրորդ՝ խոսում են ներկայացված ինչ-որ հարցաշարի մասին, բայց առիթ եմ ունեցել ասելու, որ նման հարցաշարեր այսօր էլ Եվրոպայի խորհրդի տարբեր պաշտոնյաներ ներկայացնում են տարբեր պետական մարմիններին կամ կառավարությանն ամբողջությամբ: Դրա վրա հիմնվելն առնվազն անարգանք է Եվրոպայի խորհրդի գործունեության նկատմամբ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազը:

Անդրադառնալով իր հանդեպ հետախուզում հայտարարելու հեռանկարին՝ Կոստանյանը նշեց, որ մեկ տարի գտնվել է Հայաստանում այն պահից սկսած, երբ իրեն վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության և դրանից հետո իր նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել: Այդ ընթացքում պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով:

«Ես տեղեկացրի, որ դասերն ընթանում են, և ես իմ պարտավորությունները պետք է կատարեմ, հետո վերադառնամ Հայաստան: Նույնիսկ խնդրել եմ 3-4 անգամ ավել մտնել լսարան, որպեսզի պարտավորությունների շրջանակում իմ ժամաքանակը շուտ լրանա: ՀՔԾ-ի շտապողականությունն ու նման փաստարկները վերաբերվում են արհեստականությանը: Շոու են կազմակերպում՝ հնարավորինս հնչեղ անուններ ներգրավելով, որպեսզի ցույց տան Մարտի 1-ի գործի քննության իմիտացիա»,- նշեց ՀՀ նախկին գլխավոր դատախազը:

Գևորգ Կոստանյանի փոխանցմամբ՝ ուսումնական կիսամյակը վերոհիշյալ բուհում կավարտվի դեկտեմբերի վերջին, իսկ առավելագույնը հունվարի 6-ին կավարտվի քննական շրջանը, ինչից հետո նոր կվերադառնա Հայաստան:

Հիշեցնենք, որ 2008-ի մարտյան իրադարձությունները քննող Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Նոյեմբերի 25-ին Կոստանյանին առաջարկել են 48 ժամվա ընթացքում ներկայանալ քննչական մարմին։

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Կոստանյանը չվերադառնա, ապա իրենք կգործեն օրենքի շրջանակում։