Ինչու են խուզարկել փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակը. ԱԱԾ–ի պարզաբանումը

ԱԱԾ–ից հիշեցնում են, որ փաստաբանի արտոնագիրն ամենաթողության երաշխիք չէ, իսկ քրեական գործով քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առերևույթ ծանր հանցագործության կատարման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում է փորձ արվել առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները։ ՀՀ ԱԱԾ մամուլի գրասենյակը պարզաբանել է նոյեմբերի 25–ին տեղի ունեցած դեպքը` նշելով, որ դա անում են` հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության շուրջ հասարակության հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված  մեկնաբանությունները։

Մահակով ցուցմունք կորզողներից երկուսը ոստիկանության նախկին աշխատակից են

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առերևույթ ծանր հանցագործության կատարման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը, պարտավոր լինելով ապահովել գործով հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումը, միաժամանակ ամենայն հարգանքով վերաբերվելով փաստաբանի գործունեությանը և ապահովելով փաստաբանական գաղտնիքը պահպանելու օրենքի պահանջը, գործի համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով, փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու դատարանի թույլտվության առկայության պայմաններում, 2019 թվականի նոյեմբերի 25-ին նախատեսել է խուզարկություն կատարել ՀՀ փաստաբանական պալատի փաստաբաններից մեկի գրասենյակում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Փաստաբանների պալատում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել

ՀՀ ԱԱԾ–ից նշում են, որ խուզարկումը որևէ կերպ չի առնչվել վերջինիս փաստաբանական գործունեությանը և փաստաբանի գործառույթներին, քանի որ անմիջականորեն ուղղված է եղել հանցագործության գործիքների և միջոցների հայտնաբերմանը։

Կոստանյան. «Շոու են կազմակերպում, ուզում են Մարտի 1-ի գործի քննության իմիտացիա ցույց տալ»

Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կայացած փաստաբանության ինստիտուտի դերն ու նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ տարաբնույթ շահարկումներից և իրավական բնույթի հարցերը բարձրաձայնել և լուծել զուտ իրավական հարթությունում։ Հաղորդագրության մեջ նաև հիշեցնում են, որ փաստաբանի արտոնագիրն ամենաթողության երաշխիք չէ, իսկ քրեական գործով քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, թեկուզ մասնագիտական գործունեությունը պաշտպանելու նկատառումներից ելնելով, առաջացնում է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», ՌԴ քաղաքացի չէ. ԱԱԾ

Հիշեցնենք` նոյեմբերի 25–ին հաղորդագրություն էր տարածվել, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակից ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել 2 համակարգիչ: Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Չամսարյանն ասաց, որ երկար բանակցություններից հետո քննիչները հեռացել են` թողնելով համակարգիչները: Նա չգիտի նորից նման փորձ կարվի, թե ոչ։