ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը Սնանկության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, և պարտատերերի առաջին ժողովը կկայանա եկող տարվա մարտին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ընկերությունը «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500 մլն դրամ, և դատարանը բավարարել է «Մոսէսքոյի» դիմումը: «Սանիթեքին» սնանկ ճանաչելու պահանջով հոկտեմբերի 29-ին դատարան է դիմել նաև ավտոպահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Նյու Թրաք» ընկերությունը»,- նշված է թերթի այսօրվա համարում։
Աղբյուրը հայտնում է, որ «Նյու Թրաք» ընկերության տնօրեն Լյուդվիգ Պարոնյանը «խոսքով`«Սանիթեքն» իրենց էլ 27 մլն 245 հազար դրամ է պարտք:
«Կապի դուրս չեն գալիս արդեն: Փնտրում եմ, չեմ գտնում… Միակ հույսը պարտատերերի ժողովն է, որին հնարավոր է հանդիպենք ընկերության ղեկավարության հետ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Լ. Պարոնյանը:
«Սանիթեքն» ընդդեմ Երևանի քաղաքապետարանի. դիմում են միջազգային արբիտրաժային դատարան
Օրաթերթը պարզել է նաև, որ «Սանիթեքը» ավելի քան 60 ընկերության պարտապան է:
Ի դեպ, «Ժողովուրդը» օրեր առաջ գրել էր, որ հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն` «Սանիթեք Ինթերնեյշնլին» սնանկ ճանաչելու պահանջով, իսկ
«Սանիթեքը» հերքել էր թերթում հրապարակված լուրի իսկությունը և նշել էր, որ այն իրականությանը չի համապատասխանում և միտված է արատավորելու ընկերության գործարար համբավը։