Պաշտոնյաները խոշոր չափի կաշառք են ուզել. ԱԱԾ–ն 12 տարվա վաղեմության դեպք է բացահայտել

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք առևանգված աղջկա հորից կաշառք են ուզել, որ օգնեն վերականգնել արդարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքը։

«Պարզվել է, որ պաշտոնատար անձինք Երևանի բնակչուհուն առևանգելու դեպքով հարուցված քրգործով տուժողի հորից կաշառք են պահանջել ու ստացել։ Նրանք կաշառքը ստացել են մեկ այլ պաշտոնատար անձի միջոցով` արարքը  կատարած մի խումբ անձանց օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Հետագայում, սակայն, ենթադրյալ հանցանք կատարած անձինք այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ տուժողի հոր և վերջինիս ազգականի բազմաթիվ պահանջների արդյունքում կաշառքի միջնորդ հանդիսացող անձը վերադարձրել է որպես կաշառք պահանջված գումարի մի մասը։ Նա հրաժարվել է վերադարձնել գումարի մնացած մասը` պատճառաբանելով, որ այն փոխանցել է «հասցեատերերին», որոնք իրենց հերթին արել են հնարավոր ամեն բան գործի դրական լուծման համար:

Ահազանգ. ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել փաստաբաններից մեկի համակարգիչները

Պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։ Այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործով քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

Այդ երեխաներին Հայաստանում ոչ ոք չի ուզում որդեգրել. ի՞նչ հետևանք կունենա ԱԱԾ բացահայտումը