Կարճ շրջազգեստը կապ չունի. միշտ և միայն բռնարարն է մեղավոր. հայաստանյան արտասովոր 16 օրերը

Հայաստանում մեկնարկել են սեռական բռնության դեմ պայքարի 16 օրերը։ Առաջին անգամ այս թեմային առնչվող զանգվածային միջոցառումներին մասնակցում է նաև մեր պետությունը։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

«Ես մի ամբողջ տարի սեռական բռնության էի ենթարկվում, երբ 11 տարեկան էի։ Նա ընտանիքի ընկերն էր ու գալիս էր, երբ ծնողներս տանը չէին` իբր թե ինձ տիրություն անելու համար։ Նա ասում էր, որ եթե որևէ մեկին ասեմ, ինձ ոչ ոք չի հավատա»։

«Ես ամուսնացած էի, հղիությանս վեցերորդ ամիսն էր։ Նա մորաքրոջս աղջկա ամուսինն էր։ Մի անգամ, երբ մենակ էի, մեր տուն եկավ։ Ինձ կտրուկ հատակին գցեց, ծեծեց ու սկսեց հանել շորերս։ Երբ իր գործն ավարտեց, չհեռացավ։ Ամուսինս վերադարձավ աշխատանքից ու տեսավ ինձ այդ վիճակում, հարվածեց դեմքիս։ Հետո նրան դուրս կանչեց։ Չգիտեմ` ինչի մասին էին խոսում։ Որոշ ժամանակ անց կորցրեցի երեխային, ամուսնալուծեցի։ Իսկ քույրս մինչ այժմ ապրում է այդ մարդու հետ. Կա՛մ վախենում է նրանից, կա՛մ չի հավատում ինձ»։

«Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի է». Արման Թաթոյան

«37 համարի ավտոբուսում էի։ Նա ակնոցով էր, պատկառելի տեսք ուներ, նոթբուք կար ձեռքին։ Կարծում եմ` կարևոր է նկարագրել նրան, քանի որ մարդկանց մեծ մասի մոտ տպավորություն է, որ բռնարարները «ցիվիլ չեն»։ Զգացի, որ փորձում է ձեռք գցել, ապտակեցի նրան։ Հաջորդ կանգառում իջավ։ Ավտոբուսում մտածեցին, թե նա փորձում էր ինձանից ինչ–որ բան գողանալ»։

Սրանք Հայաստանում սեռական բռնության ենթարկված իրական կանանց պատմություններ են։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը Հայաստանի եզակի կազմակերպություններից է, որը սեռական բռնության զոհերին հոգեբանական ու սոցիալականն օգնություն է ցուցաբերում։ Հենց այստեղ են այս ու տասնյակ այլ կանայք կարողացել վերջապես բացվել. նրանք չէին համարձակվում պատմել իրենց հետ կատարվածը ո՛չ բարեկամներին, ո՛չ ոստիկանությանը։

Ճգնաժամային կենտրոնի նախագծերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը Հայաստանում սեռական բռնության դեմ պայքարի 16 օրերին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ իրենց կազմակերպության ամենամեծ ձեռքբերումը կլինի այսպես կոչված «վիքդիմ–շեյմինգի» դադարեցումը։ Սա այն երևույթն է, երբ զոհին մեղադրում են իր հետ տեղի ունեցածի համար։

«Հույս ունենք, որ երկրում էլ չեն լինի դատավորներ, որոնք թույլ կտան իրենց ասել, թե «շատ հանգիստ ես դրա մասին պատմում»։ Կամ քննիչներ, որոնք ամենում կմեղադրեն զոհերի ծնողներին։ Բռնության մեջ մեղավոր է բռնարարը, ոչ թե զոհի կարճ շրջազգեստը։ Այժմ մեր երկրում այնպիսի միտում է ձևավորվում, որ զոհը պետք է իրեն կոտորի, որ ապացույցի բռնարարի մեղքը», – ասաց Աղաբեկյանը։

16 օրվա ընթացքում Հայաստանի բոլոր դպրոցներում, մարզպետարաններում ու գենդերային հավասարության և կանանց իրավունքների հասարակական կազմակերպություններում սեռական բռնության մասին տեղեկատվական միջոցառումներ կանցկացվեն։

Այս թեմայով նման ծավալուն միջոցառումներ առաջին անգամ են պետական մակարդակով անցկացվում։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր հերթին ներկայացրեց սեռական բռնության զոհերի աջակցությանն ուղղված կառավարության մի քանի ծրագրերը։

«Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխա սեռական բռնության է ենթարկվում». Գայանե Հովակիմյան

«2019-2023 թվականների գենդերային հավասարության ռազմավարական ծրագրի շրջանակում պատրաստվում ենք սեռական ու ընտանեկան բռնության զոհերի համար ապաստաններ կառուցել։ Մինչ այդ Հայաստանում գործում էին միայն ՀԿ–ների կառուցած ապաստանները։ Նույն ծրագրի շրջանակում «911» ծառայության փրկարարները հատուկ պատրաստություն են անցել` ինչպես շփվել սեռական ու ընտանեկան բռնության զոհերի հետ։ Վերջերս նաև կառավարության որոշմամբ գործում է ՀՀ կանանց հարցերով խորհուրդ, որը պետական մակարդակով պաշտպանելու է կանանց իրավունքները»,– վստահեցրեց Բաթոյանը։

Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ կանանց հարցերով խորհուրդը տղամարդ է գլխավորում` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Բաթոյանը պարզաբանեց.

«Բանն այն է, որ կառավարության որոշմամբ խորհուրդը չպետք է ենթարկվի խորհրդարանին կամ որևէ նախարարությանը։ Այսպիսով` այն կարող էր գլխավորել կա՛մ վարչապետը, կա՛մ փոխվարչապետը։

Ծառուկյանն առաջարկում է բռնության մասին հայկական ժողովրդական օրենք ընդունել

Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը որոշ փաստեր ներկայացրեց։ Նրա խոսքով` 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ոստիկանությունն ընտանեկան բռնության 378 ու սեռական բռնության 84 դեպք է գրանցել (որոնցից 49 անչափահասների նկատմամբ)։ 2018 թվականին գրանցվել է ընտանեկան բռնության 585 դեպք ու սեռական բռնության 77 դեպք (47 անչափահասների նկատմամբ)։

Հայաստանի սեռական բռնության ճգնաժամային կենտրոնում սեռական բռնության զոհերի համար թեժ գիծ է գործում` (374) 080001280։ Այն հնարավորություն է տալիս համարձակորեն ու անկեղծ պատմել ապրած բռնության ու ոտնձգությունների մասին և աջակցություն ու կարեկցանք ստանալ։

Տոպրակի մեջ գտած երեխաներին տանը պահել են կեղտոտ ու անխնամ. նրանց նորից կտա՞ն հարազատներին

Բռնության զոհին չի կարելի դիտարկել որպես ակտիվ մասնակից, որը իրավիճակ է ստեղծում կամ «սադրում» է անմեղ մարդուն։ Նշանակություն չունի` ինչպես է վարվել սեռական բռնության զոհը։ Դիմացինը միշտ ընտրության հնարավորություն ունի` գործել կամ կանգ առնել, այդ պատճառով ամբողջ պատասխանատվությունն այն մարդու վրա է, որը բռնությունն է ընտրել։ Սեռական բնության զոհերի միակ ընդհանուր բանն այն է, որ նրանք ցանկացած սեռի երեխաներ, պատանիներ են, ցանկացած տարիքի կանայք։