ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել Գրիգորյանի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գրիգորյանը հոկտեմբերի 19-ին հրաժարական տվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Տամբով» թիմի գլխավոր մարզչի պաշտոնից և վերադարձավ Հայաստան ու այժմ արդեն փորձելու է բարելավել «Ուրարտուի» արդյունքները:
Մարզչի` Հայաստանում աշխատելու հնարավորությունները կտրուկ մեծացան, երբ ՀՖՖ-ն հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին: Իր մարզչական գործունությունը հիմնականում Ռուսաստանում ծավալած Ալեքսանդր Գրիգորյանը նույնիսկ ժամանեց Հայաստան ու բանակցություններ վարեց ՀՖՖ-ի արդեն նախկին ղեկավարության հետ:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Գրիգորյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ հարցում արդեն որոշակի համաձայնության եկել էին, բայց վերջին պահին ինչ-որ բան փոխվեց, ու Գրիգորյանը մեկնեց Հայաստանից: Հետո լուրեր տարածվեցին, որ նա գլխավորելու է «Փյունիկը», իսկ հիմա արդեն պարզ է, թե որտեղ է աշխատելու իր բնավորությամբ ու ելույթներով հայտնի մասնագետը:
«Ուրարտուն» բարձրագույն խմբի առաջնությունում ընթանում է ութերորդ տեղում, և լավագույն վեցնյակում հայտնվելու ու պայքարը չեմպիոնական մրցավազքում շարունակելու համար թիմին միավորներ են հարկավոր: Ահա այս «առաջադրանքն» էլ, ամենայն հավանականությամբ, հանձնարարվելու է Ալեքսանդր Գրիգորյանին:
Ի՞նչ գիտեն ՀՀ քաղաքացիները Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին. տեսանյութ
Հայ մասնագետը «Տամբովից» հեռանալուց հետո նշել էր, որ միգուցե ռուսական ակումբին ավելի հաջողակ մարզիչ է հարկավոր: Իհարկե, հաջողակ լինելը կարևոր գործոն է ֆուտբոլում, բայց առաջխաղացման միակ ճանապարհը չէ: Դժվար է մտածել, որ Գրիգորյանն իրեն անհաջողակ է համարում, բայց այն, որ նա կարողանում է թիմ կառուցել ու իր թիմերին խաղային ձեռագիր հաղորդել, փաստ է:
Գրիգորյանի մարզչական կարիերան սկսվել է կանանց ֆուտբոլում։ Նա չորս անգամ Ռուսաստանի չեմպիոն է դարձել, խաղացել է կանանց Չեմպիոնների լիգայում, Պերմի «Զվեզդայի» հետ։
2009 թվականին Գրիգորյանը տեղափոխվել է «Նիժնի Նովգորոդ», որի հետ առաջին դիվիզիոնի երրորդ տեղն է զբաղեցրել։ Մինչ 2017 թվականի հունվարն Ալեքսանդրը Ֆուտբոլի ազգային լիգայում էր, իսկ հետո անցավ «Անժի»։ Այնուհետև նա տեղափոխվեց մոսկովյան «Արարատ», իսկ ավելի ուշ` «Լուչ Էներգիա»։
Գրիգորյանը եղել է «Տամբով» թիմի գլխավոր մարզիչը։ Այս տարվա հոկտեմբերի 19–ին նա հրաժարվեց այդ պաշտոնից Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ուրալի» հետ խաղից հետո։
Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 18-ին։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերին։