Լիանա Ոսկերչյանը «Միսս աշխարհ» մրցույթում կբացահայտի գաղտնիք, որի մասին 3 տարի չի խոսել

Գեղեցկուհի Գոհար Հարությունյանն այս պահին էլ կապի մեջ է «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթում Հայաստանի մասնակից Լիանա Ոսկերչյանի հետ։ Միասին խորհրդակցում են ու որոշումներ կայացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. «Միսս աշխարհ Արմենիա 2019»-ի հաղթող Լիանա Ոսկերչյանն արդեն Լոնդոնում է, որտեղ 20-ամյա գեղեցկուհին Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» միջազգային մրցույթում: «Միսս աշխարհ Արմենիա» և «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթների նախագահ, «Միսս Հայաստան 1998», գեղեցկուհի Գոհար Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե Լիանա Ոսկերչյանն ինչպես է գովազդելու Հայաստանը և ինչ գաղտնիք է պատմելու ժյուրիի անդամներին։

Լիանա Ոսկերչյանը «Միսս աշխարհ» մրցույթում կբացահայտի գաղտնիք, որի մասին 3 տարի չի խոսել

«Միսս աշխարհ» միջազգային 69-րդ մրցույթը կկայանա դեկտեմբերի 14-ին։ Մինչ այդ կա նախամրցութային չորս փուլ` տաղանդ, ինտելեկտ, թոփ մոդել և սպորտ: Այս փուլերից թեկուզ մեկում հաղթող ճանաչվելու դեպքում Լիանան կընդգրկվի այն 30 մասնակիցների կազմում, որոնք միմյանց հետ կմրցեն դեկտեմբերի 14-ին:

«Մենք այս տարի շատ լավ ենք պատրաստվել «Միսս տաղանդ» փուլին։ Թեև Լիանան տիրապետում է երաժշտական տարբեր գործիքների՝ դաշնամուր, կիթառ, սաքսոֆոն, որոշել է ներկայանալ հայկական քանոնով: Կներկայացնի Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը»,– ասաց Գոհար Հարությունյանը:

Այս օրերին մրցույթին մասնակցող յուրաքանչյուր աղջիկ 1 րոպեանոց տեսահոլովակի միջոցով ներկայացնում է իր բարեգործական ծրագիրը։

Գեղեցկուհիներին որոշել են չմերկացնել, կամ ինչու է բիկինիից հրաժարվելը ձեռնտու հայուհիներին

Հայաստանը կներկայացնի երկու տեսահոլովակ, որոնցից մեկը հենց մրցույթի կարգախոսն է՝ «Գեղեցկությունը՝ նպատակով»:

«Կարելի է ասել, որ դա Հայաստանի մասին մի հիասքանչ գովազդ է: Աշխարհին պատմելու ենք, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ինչպես ենք կերտել մեր պատմությունը` լինելով առաջին քրիստոնյա պետությունը»,-ասաց Գոհարը:

Ըստ նրա՝ դժվար է երկու ամսում բարեգործական ծրագիր կազմել և ներկայացնել, քանի որ մրցույթում կան մասնակիցներ, որոնք տարիներով են պատրաստվում այդ փուլին։ Նրանք ազգային մրցույթին մասնակցելուց առաջ իրենց բարեգործական հիմնադրամներն են ստեղծում և զբաղվում բարեգործությամբ։

Գեղեցկուհին յուրօրինակ լուսանկար էր ուզում, բայց հայտնվեց տհաճ իրավիճակում. տեսանյութ

«Այս ընթացքում մենք շատ ենք դիմել բարեգործական հիմնադրամների, որոնք կարող էին մեր գեղեցկուհուն ընդգրկել իրենց արշավներում, սակայն չարեցին։ Արձագանքեց միայն «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը։ Մենք դեռ երկար աշխատանք ունենք տանելու, որպեսզի մեր գեղեցկուհիներին վերաբերվեն այնպես, ինչպես դա անում են այլ երկրներում»,-ասաց նա։

Գեղեցկուհիները կարող են ներկայացնել իրենց բարեգործական ծրագրերը կամ վեր հանել իրենց երկրի խնդիրները՝ խոստանալով դրանց լուծում տալ։ Լիանան երկրորդ տարբերակով կներկայանա։

Լիանա Ոսկերչյանը «Միսս աշխարհ» մրցույթում կբացահայտի գաղտնիք, որի մասին 3 տարի չի խոսել

Մյուս տեսահոլովակը պատմում է Լիանայի մասին։ Նա կբացահայտի մի գաղտնիք, որի մասին երեք տարի համարձակություն չի ունեցել խոսելու: Ունենալով Վիտիլիգո հիվանդություն, բազում հոգեբանական խնդիրներ հաղթահարելով` Լիանան դարձել է հասել է որոշակի բարձունքի, և նա կոչ է անելու ամբողջ աշխարհին, որ այդ հիվանդության հանդեպ լինեն ավելի հանդուրժողական և հասկանան` դա մարդկային առանձնահատկություն է, որը չի վնասում այլ մարդկանց։

««Միսս աշխարհն» իր խնդրի մասին բարձրաձայնելու համար լավագույն հարթակն է: Թող նրա պատմությունը շատերին ոգեշնչի»,- ասաց Գոհարը և ցավով նշեց, որ մրցույթը Հայաստանի հեռուստաընկերություններով չի հեռարձակվում։ Նա հույս ունի, որ մրցույթին հետևելու հնարավորություն կունենանք առցանց տիրույթում:

«Գեղեցկությունը՝ նպատակով». գեղեցկուհիներ Դայանան ու Լիանան մեծ ծրագրեր ունեն. տեսանյութ

Նշենք, որ «Միսս աշխարհ» մրցույթին մասնակցելը բավականին բարդ է, քանի որ այնտեղ այլ չափանիշներ են հաշվի առնում. նախապատվությունը տալիս են ոչ թե մասնակիցների մարմնի կառուցվածքին, դիմագծերին, դեֆիլեին, այլ նրանց բարեգործական ծրագրերին։

«Մամուլի համակրանք» և «Միսս աշխարհ Արմենիա 2019» տիտղոսին արժանացած Լիանա Ոսկերչյանը ծնվել է Երևանում։ Սովորում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, ապագա քաղաքագետ է։ Ավարտել է նաև երաժշտական դպրոցի կիթառի բաժինը։ Նման մրցույթի մասնակցում է երկրորդ անգամ (2017 թվականին այդքան էլ մեծ հաջողության չի հասել)։ Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել էր, որ առաջին անգամ անփորձ լինելու պատճառով չի հասել հաջողության։