ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Սևանա լիճ է բաց թողվել մեծ քանակությամբ միջին զանգվածի մանրաձուկ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողնվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված մանրաձկներ։ Մասնավորապես, բաց է թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ»,–գրել է նախարարը։
Նա հայտնել է նաև, որ Սևանա լիճ մանրաձկների բացթողումն իրականացվել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում։ Նախարարը վստահեցնում է` Սևանա լիճ ձկնատեսակների բաղթողումների գործընթացը շարունակական բնույթ է կրելու։
Հիշեցնենք, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է 2013–ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 2014 թվականի ապրիլին մեկ այլ որոշմամբ վերջինս հավանություն է տվել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»։ Ծրագրի հիմնական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը հանդիսացել է ծրագիրը համակարգող մարմին:
Նախարար. մինչև տարեվերջ Սևանա լիճ բաց կթողնվի իշխանի 600 հազար մանրաձուկ
Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ. համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացվել է 9,0 մլրդ դրամ: