ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ը հեռացրել է երկրորդ որդուն` արքայազն Էնդրյուին, պետական պարտականություններից և զրկել նրան աշխատավարձից։ Թագուհին նման որոշում է կայացրել արքայազնի սկանդալային խոստովանությունից հետո, գրում է Daily Mail–ը։
BBC–ին տված հարցազրույցում արքայազն Էնդրյուն պատմել է ամերիկյան ֆինանսիստի հետ ընկերության մասին, որը ձերբակալվել է 2019թ–ին մարմնավաճառություն կազմակերպելու մեղադրանքով։ Նա հերքել է անչափահաս աղջկա հետ իր կապը` չնայած այդ աղջկա հետ լուսանկարների առկայությանը։ Դրանից հետո 59–ամյա արքայազնը հայտնվել է քննադատությունների կիզակետում։ Որոշ գործընկերներ, այդ թվում` խոշոր հեռուստաընկերություններ, հրաժարվել են համագործակցել նրա հետ։
Եղիսաբեթ II–ը որոշում է կայացրել ոչ միայն հեռացնել Էնդրյուին իր պարտականություններից, այլ նաև զրկել տարեկան 320 հազար դոլար աշխատավարձից։
Պալատի ներկայացուցիչները նոյեմբերի 20–ին հրապարակել են հրաժարականի մասին արքայազնի հայտարարությունը, որում նա հայտնել է իր պարտականությունները կամավոր կերպով թողնելու որոշման մասին։ Աղբյուրների տվյալներով` արքայազնը հազիվ թե կարողանա վերադառնալ նորմալ կյանք, քանի որ նա նվաստացած է, իսկ հեղինակությունը` ոչնչացված։
Ե՛վ Եղիսաբեթ II-ի, և՛ խոհարարուհու. ՀՀ նախագահի կինը բացահայտել է շփման իր գաղտնիքները
Հիշեցնենք, որ արքայազնի անունը շրջանառվում էր այն անձանց ցանկում, որոնք օգտվել են Էփշթեյնի ծառայություններից։ Վերջինիս մեղադրում էին սեքս–հանցագործությունների և մանկապղծության մեջ։ Ֆինանսիստն այդպես էլ չէր ընդունել իր մեղքը և ինքնասպանություն էր գործել։